HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ժաննա Գալստյան. «Ժողովրդի առաջ պատասխանատու են ՀՀ եւ ԼՂՀ բոլոր նախագահները»

29_04-galstyan

«Ժողովուրդն այսօր զգում է, որ վտանգված է այս 20 տարիների մեր ամենագլխավոր ձեռքբերումը` Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը»,- այսպես է ժողովրդի մտահոգությունն արտահայտել ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանը` ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ:

«Իհարկե, մեզ մտահոգում է Արցախի հարցը, բայց մենք Արցախի հիմնախնդիրը միշտ ընկալել ենք որպես Հայ դատի բաղկացուցիչ մաս: Եւ այդ մասերից մեկը վտանգելով` մենք Հայ դատի գաղափարն ենք վտանգում, իսկ դրանից հետո խոսում ազգային գաղափարախոսության մասին: Թե ինչպես կհանգուցալուծվի ղարաբաղյան հիմնախնդրի գործընթացը` դրա համար ժողովրդի առաջ պատասխանատու է ոչ միայն Արցախի Հանրապետության ներկայիս նախագահը, այլեւ ՀՀ բոլոր նախագահները, մեր Գերագույն խորհրդի բոլոր նախագահները, այդ թվում` Դուք (նկատի ունի ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին - հեղ), Արցախի հանրապետության բոլոր նախկին նախագահները եւ մենք` բոլորս, ովքեր այստեղ նստած ենք»,- ընդգծել է Ժ. Գալստյանը:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների դիվանագիտական կոնֆիդենցիալության մասին` վերջինս նկատել է, որ դա միայն հայկական կողմն է պահում, եւ բոլոր տեղեկությունները ստացվում են թուրքական ու ադրբեջանական մամուլից: ԱԺ պատգամավորն արտգործնախարար Գեորգի Պետրոսյանին հորդորեց` խոսել իր հայաստանցի գործընկերոջ հետ եւ ասել` «անցել է այն ժամանակը, որ պետք է տեղի տան այդ դիվանագիտական խաղերին»:

«Ինձ թվում է` բանակցությունների բոլոր մանրամասները ոչ միայն պատգամավորները պիտի իմանան, այլ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի` բոլոր որդեկորույս ծնողները, ամուսին կորցրած տիկնայք, ծնողազուրկ երեխաները, բոլոր նրանք ում մանկությունը մեր նկուղներում է անցել»,- ավելացրել է նա: Ժ. Գալստյանը

միաժամանակ հայտնել է, թե հնարավոր է, որ ԼՂՀ եւ ՀՀ արտգործնախարարներին հրավիրեն ԱԺ, սակայն միաժամանակ նշել է` «հնարավոր է` Հայաստանի արտգործնախարարը չգա»: Այդ իսկ պատճառով, նա Գ. Պետրոսյանին խորհուրդ է տվել զրուցել Էդվարդ Նալբանդյանի հետ, որպեսզի «հաջորդ անգամ կարողանա ավելի լիարժեք պատասխաններ տալ», որից հետո, ըստ պատգամավորի, «միասին` ազգովի, կնստենք ու կորոշենք մեր հետագա քայլերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter