
Տնկվեց 700 ծառ
Ապրիլի 16-ին Թեղուտի «Ղարաքոթուկ» հանդամասում «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպել էին հերթական' 5-րդ ծառատունկը: «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը «Հետքին» հայտնեց, որ ծառատունկին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր բուհերի 140 ուսանող:
«Ղարաքոթուկում» այս անգամ տնկվել է 700 ծառ'հիմնականում պտղատու` ընկուզենի եւ շագանակենի: Ռուբեն Պապոյանը տեղեկացրեց, որ ապրիլի 16-ի դրությամբ Թեղուտում հատվել է 62 հա անտառ, ճանապարհաշինության համար ևս 14-15 հա-ի վրա առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կատարվելու է անտառահատում:
Ծառատունկին մասնակցելու համար Թեղուտ էր եկել նաև ՀՀ վաստակավոր դերասան Կարեն Ջանիբեկյանը: Վերջինս իր տիկնոջ հետ տնկեց մեկ ծառ: Կարեն Ջանիբեկյանը դրական էր վերաբերում հանքահումքային արտադրությանը:
«Գիտեք ինչ, ես կոմպետենտ չեմ, թե ինչ է տեղի ունենում, այդ մեխանիզմին ծանոթ չեմ, բայց և այնպես, եթե հողի տակ կա հումք, որը շատ կարևոր է և ստրատեգիական նշանակություն ունի երկրի համար, ուրեմն պետք է աշխատեցնել այն»,- ասաց դերասանը:
Բնապահպանության խնդիրը Կ. Ջանիբեկյանը համարեց ծանր խնդիր: Նա երկուստեք կարևորեց արտադրությունը և բնապահպանությունը . «Դրանք պետք է զուգակցվեն, ոնց որ ասում են, լինի համ շիշը, համ քյաբաբը»:
Ի տարբերություն ճանաչված դերասանի` ծառատունկին մասնակցող երևանաբնակ Նիկիտա Զարոբյանը կարծում է, որ բնությունը վնասակար նյութերը պահում է գետնի տակ, հիմա մարդը եկել է, «600 մետրանոց փոս պետք է փորեն, դուրս հանեն վնասակար նյութերը»:
«Հիմա Թեղուտում ոչնչացնում են անտառը, տեղը տնկում ենք առանձին ծառեր, որոնքց դեռ մի 20-30 տարի պետք է սպասենք, տեսնենք, սա անտառ կդառնա՞, թե՞ ոչ»: Նիկիտա Զարոբյանը ուղղակի «զավեշտական» որակեց հանքահումքային արտադրողների պետբյուջեին վճարելու համար սահմանված 5 տոկոս հարկային վճարները. «Համեմատենք արաբական երկրների նավթի հետ: Այստեղ կառավարությունը նավթարդյունաբերության եկամուտների գլխից 60 տոկոսը վերցնում է պետբյուջե, դրա համար նրանց մոտ, նույնիսկ Լիբիայում, սոցիալական շատ բարձր մակարդակ է տիրում»:
Նիկիտա Զարոբյանը ծառատունկին մասնակցում էր, որովհետև համարում էր , որ ծառատունկը լավ գործ է: Եվ ինքն էլ ուղղակի հենց դրա համար էլ եկել է Թեղուտ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել