
Ամերիկահայ գործարարի անհետացման մասին նորություն դեռ չկա
ԱՄՆ քաղաքացի, գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանն ապրիլի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, դուրս է եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) եւ այլեւս չի վերադարձել: Ոստիկանությունից «Հետքին» հաղորդեցին, որ 1951 թ. ծնված Բերբերյանի անհետացման մասին առայժմ նորություն չկա: Միայն նշեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն»: Սա չի նշանակում, թե ամերիկահայ գործարարին սպանել են: Պարզապես նման դեպքերում քրեական գործ է հարուցվում հենց «Սպանություն» հոդվածով, եւ այն վերաորակվում է միայն որոշակի տեղեկությունների առկայության պայմաններում:
Մեր տեղեկություններով` ավելի ուշ Բերբերյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Այս տեղեկությունը ոստիկանությունում ո´չ հերքեցին, ո´չ էլ հաստատեցին: Նազարեթ-Հագոփ Բերբերյանի կինը, որդին եւ մյուս հարազատներն ապրում են Միացյալ Նահանգներում: Նա կնոջ հետ «Լինար» անունով ընկերության սեփականատերն է, որն էլ Երեւանի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում իրականացնում է հյուրանոցի շինարարություն: Բացի այդ, Բերբերյանն Արարատի մարզի Դալար գյուղում ունի գործող գորգագործական ֆաբրիկա: Ամերիկահայ գործարարի ծանոթների եւ հարազատների վկայությամբ` վերջինս թշնամիներ չունի, Հայաստանում գործունեություն իրականացնելիս խոչընդոտներ չի ունեցել:
Մեկնաբանել