HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դ. Շահնազարյան. «Ղարաբաղն ամբողջովին դուրս է մղվել բանակցային պրոցեսից»

1994թ. մայիսի 12-ին Ղարաբաղյան հակամարտության գոտում կնքվեց հրադադարի հաստատման ռեժիմ: Այդ իրադարձությունից 15 տարի հետո ի՞նչ փուլում է այդ գործընթացը: Այսօր «Հայացք» ակումբում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը և ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը վերլուծում էին այսօրվա իրավիճակը: Դ. Շահնազարյանը նշեց, որ դա եռակողմ զինադադար էր, ու այսօր ակնհայտ է, որ այն ժամանակվա երկար աշխատանքի ու բանակցությունների արդյունքում ձեռք բերված քաղաքական ու դիվանագիտական բազմաթիվ նվաճումներից ԼՂ հարցի կարգավորման գործում սա միակն է, որ պահպանվել է: «Մյուս բոլոր արդյունքերն այս վերջին 11 տարիների ընթացքում փոշիացել են: Հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ձևաչափի ստեղծման առաջին իսկ օրվանից ՀՀ-ի և ԼՂ-ի իշխանությունները ձգտում էին ստեղծել զինադադար, իսկ Ադրբեջանը մերժում էր: Բայց այդ տարիներին վարվող քաղաքականության ու դիվանագիտության շնորհիվ հաջողվեց ստիպել Ադրբեջանին` գնալ այդ զինադադարին»,- ասաց նա: Վահան Փափազյանն էլ, զինադադարի կնքման եռակողմ լինելու հանգամանքին անդրադառնալով, շեշտեց, որ առաջին անգամ Ադրբեջանը Ղարաբաղի հետ միասին մի փաստաթղթի տակ ստորագրեց, որը էական նշանակություն ունեցավ հետագա դիվանագիտական զարգացումներում: «Նույն 1994-ի դեկտեմբերին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ամրագրվեց այս եռակողմ ձևաչափն ու հետագա  բոլոր բանակցությունները, մինչև 1997թ. ընթացել են այս ձևաչափում: Բայց 10 տարուց ավելի է` այս ձևաչափը մոռացության է մատնված, և հենց դա է պատճառը, որ դիվանագիտական ասպարեզում Ղարաբաղի խնդրում Հայաստանը չի արձանագրում հաջողություններ: Ավելին` հենց այս պատճառով է, որ Ղարաբաղն ամբողջովին դուրս է մղված դիվանագիտական բանակցություններից, և մենք տեսնում ենք ձախողումներ»,- ասաց նա: Դավիթ Շահնազարյանի կարծիքով` բանակցային պրոցեսից Ղարաբաղն ամբողջովին դուրս է մղվել, և եթե նա ուզում է մասնակցել այդ բանակցություններին, ապա առաջին հերթին պետք է հայտարարի, որ Հայաստանի իշխանություններն իրենց չեն ներկայացնում: Վ. Փափազյանն էլ նշեց, որ ԼՂ իշխանությունների մոտ եթե կա այդ ցանկությունը, նրանք կարող են և պիտի պահանջեն վերադարձ բուդապեշտյան ֆորմատին: Եթե չեն պահանջում կամ ընդամենը ասում են, թե ճիշտ կլիներ դրան վերադառնալը, ապա դա բավական չէ: «Եթե իհարկե այս ամենը թատրոն չէ,այլ իսկական դժգոհություն է իրավիճակից:  Իսկ եթե չի պահանջում, ուրեմն դա ոչ թե պահանջ է, այլ խռոված երեխայի կեցվածք»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter