
Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի թիվ 13 շենքի բնակիչներ Գայանե Վարդանյանն ու Սուրեն Հարությունյանը նեղսրտած ցույց տվեցին իրենց շենքի բակում տեղադրված երկու աղբարկղները, որտեղ թափվում են նաև հարևան 4 շենքի բնակիչների կենցաղային աղբը: Աղբարկղները տեղադրված են շենքի բակում գտնվող հանգստի տաղավարի հարևանությամբ:

«Բնակիչները ճիշտ չեն օգտվում աղբարկղներից, բացի այդ աղբարկղները գտնվում են նաև Դեբեդի ափերի հենապատի եզրին: Դրանց բերնեբերան լցվելու դեպքում շատ բնակիչներ աղբը լցնում են հենապատից ներքև, որտեղ գետի ափն է: Երեկոյան տղամարդիկ այս բեսետկայում, գարշահոտության մեջ նարդի կամ շախմատ են խաղում, ամռան շոգին էլ աղբի հոտի պատճառով պատշգամբներում նստել կամ կանգնել հնարավոր չի լինում»,-դժգոհեց տիկին Գայանեն:

«Տղաս մի քանի տարի առաջ է մահացել, նրա հիշատակի համար կառուցել եմ փոքրիկ ցայտաղբյուր, շատ կցանկանայի այս աղբարկղները ցայտաղբյուրի հարևանությամբ չտեսնել»,- ասաց Սուրեն Հարությունյանը ցույց տալով հենապատի երկայնքով բնակիչների կողմից գետի ափերին լցրած կենցաղային աղբը:

Թիվ 13 շենքի բնակիչները գտնում էին, որ աղբարկղները շենքի բակից պետք է տեղափոխել այլ վայր:
«Մեր բնակիչներն էլ չեն հարգում բնությունը, մինչդեռ ամռանը այստեղով անցնել չի լինում»,- ասաց տիկին Գայանեն: Բնակիչներն այն կարծիքին են, որ ժամանակն է պատժել այն բնակիչներին, ովքեր աղբը թափում են գետի ափին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել