ՀԱԿ-ը դատապարտում է Հանրային հեռուստաընկերության գործելակերպը
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տարածել է հայտարարություն, ըստ որի` տարբեր կազմակերպությունների վրա իշխանությունների հրահանգով շարունակվում են ճնշումները ` խոչընդոտելու Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
«Քարոզչության անհավասար պայմանների ստեղծման մասին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) բոլոր հայտարարություններն անտեսվում են իշխանությունների կողմից՝ այս գլխից վտանգելով ընտրությունների օրինականությունը եւ բնականոն ընթացքը: Ինչպես եւ նախկինում, վարչախմբի գործիք է ծառայում տարիներ շարունակ ժողովրդավարության զարգացման հիմնական արգելակ հանդիսացող Հանրային հեռուստաընկերությունը:
ՀԱԿ-ի ստեղծման օրվանից ի վեր, հարկատուների հաշվին ֆինանսավորվող Հանրային հ/ը լիակատար անտեսել եւ արհամարհել է Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժի ավելի քան հարյուր հայտարարությունները եւ այսօր էլ լռության է մատնում ՀԱԿ-ի տարբեր միջոցառումները: Դրանով սահմանափակվում են բազմապիսի եւ համապարփակ տեղեկություններ ստանալու հանրության սահմանադրական իրավունքը:
Այսպես, Հայրենական պատերազմի հաղթանակի առթիվ Հաղթանակ այգում մայիսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպած հանդիսավոր ոգեկոչման արարողությունը, որին մասնակցեցին հազարավոր երեւանցիներ, չեն լուսաբանվել թե’ Հանրային հ/ը, թե’ իշխանությունների լիակատար վերահսկողության տակ գտնվող այլ հեռեւստաընկերությունները: Կիրակնօրյա Հայլուրը, ապրիլից որդեգրած քաղաքականությանը հավատարիմ, մանրամասն անդրադառնալով վրաստանյան ընդդիմության գործունեությանը, նույնպես որեւէ խոսք չի ասում հայաստանյան ընդդիմության մասին:
Մայիսի 9-ից Հանրային հ/ը չի լուսաբանել ՀԱԿ-ի որեւէ միջոցառում, այդ թվում` հայ-ադրբեջանական զինադադարի 15 ամյակին նվիրված ՀԱԿ-ի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Այդ ընթացքում մանրամասն ներկայացվել է ընտրություններին մասնակից այլ կուսակցությունների քարոզչությունը:
Սա մշակված եւ հետեւողականորեն իրագործվող քաղաքականություն է, որ արձանագրվել է տարիներ առաջ:
2003 թ. նախագահական ընտրություններից հետո ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից խստորեն քննադատվել է Հանրային հեռուստաընկերությունը, որը «խախտել էր թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու օրենքով սահմանված պարտականությունը»:
2008թ. նախագահական ընտրություններից հետո նույնպես միջազգային դիտորդները քննադատեցին Հանրային հ/ը-ն լուսաբանման քաղաքականությունը: Հատկանշական է, որ, սկսած 2003 թ.-ից, Հանրային հ/ը ղեկավարությունը, ինչպես նաեւ «Հայլուրի» տնօրինությունը անփոփոխ է, ինչը վկայությունն է այն բանի, որ ժողովրդավարության եւ ազատ խոսքի ճնշելուն լծված իշխանությունները գոհ են Ալեքսան Հարությունյանի եւ Արմեն Արզումանյանի ծառայություններից:
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է Հանրային հ/ը նման գործելակերպը եւ պահանջում ապահովել հանրությանը բազմակողմանի եւ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու` օրենքով Հանրային հ/ը վրա դրված պարտականությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել