Հ. Հակոբյանի գործով անցնող վկան կհարցաքննվի նաև Ալ. Արզումանյանի և Ս. Սիրունյանի գործում
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի` 225-րդ հոդվածի առաջին մասով քրեական գործի քննությունը: Դատարանը տեղեկացրել է, որ Լիպարիտ Սիմոնյանի նախորդ նիստի միջնորդությունը` տեսաերիզների և հեռախոսային գաղտնալսումների փորձաքննությունը չի կարող սկսվել հուլիսի 20-ից շուտ, քանի որ փորձաքննող խումբը ծարաբեռնված է:
Ալեքսանդր Արզումանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն առաջարկեց փորձաքննության իրականացումը մեկ այլ խմբի հանձնարարել, քանի որ մինչև հուլիսի 20-ը սպասելը կխախտի ողջամիտ ժամկետը կամ էլ` ընդհանրապես հանել վերոնշյալ տեսաձայնագրությունները ապացույցների շարքից:
Ալեքսանդր Արզումանյանը ևս պնդեց այդ տեսաձայնագրությունները հանել ապացույցների շարքից, որին միացավ նաև Սուրեն Սիրունյանը: Դատավորը բավարարեց Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը` տեսաձայնագրությունների փորձաքննությունը հանձնել մեկ այլ փորձագիտական խմբի:
Դատախազ Կորյուն Փիլոյանը միջնորդեց նոր տեսասկավառակ կցել գործին, որը դատավորը բավարարեց:
Գործով անցնող վկա Սամվել Գասպարյանը, որը դատարանում վկայություն տալու ժամանակ հայտարարել էր, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեսել է Լևոն Տեր-Պետրոսյանին, դատարանին է դիմել նորից վկայություն տալու խնդրանքով, քանի որ դժգոհ է մնացել իր վերաբերյալ մամուլում հրապարակած նյութերից, որտեղ իրեն «գործակալ» են անվանել:
Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն առարկեց վկային նորից հարցաքննելու խնդրանքի դեմ: Սակայն դատավորը որոշեց մեկ անգամ ևս հարցաքննել Սամվել Գասպարյանին:
Սամվել Գասպարյանը դատարանում դժգոհեց, որ թերթերն իրեն «գործակալ» են անվանել, իսկ Սուրեն Սիրունյանի հարցին, թե ո՞ր թվից վկան ազատ ելումուտ ունի ներքին գործերի նախարարություն, ո՞ր նախարարի օրոք են նրան մեքենա նվիրել, ո՞ր գործերին է մասնակցել, վկային զայրույթ պատճառեց: Գործի վերաբերյալ հավելյալ ոչ մի տեղեկատվություն վկան չհայտնեց:
Մեղադրող Կորյուն Փիլոյանը միջնորդեց հարցաքննել նոր վկայի, որը որպես վկա նախօրոք ընդգրկված չէր Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի գործում: Նոր վկան երեք ժամ առաջ Հակոբ Հակոբյանի դատաքննության ժամանակ վկայություն տվող ազատամարտիկ, Արցախյան զորամարտի ժամանակ Շամշադինի ջոկատի հրամանատար Հրաչիկ Աթոյանն է (մականունը Չարլի):
Պաշտպանական կողմի առարկություններին, որ վկան չէր ընդգրկված վկաների ցուցակում, Կորյուն Փիլոյանը պնդեց, որ վկան «Յոթի գործում» եղած վկաներից է, և ինքն իրավունք ունի նրան դատակոչել:
Լիպարտի Սիմոնյանը միջնորդեց երեք ժամ ժամանակ տրամադրել վկայի նախաքննական ցուցմունքներին ծանոթանալու և նրան հարցաքննելուն պատրաստվելու համար: Դատավորը պաշտպանի միջնորդությունը բավարարեց մասնակի` հայտարարելով մեկ ժամ ընդմիջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել