Հետախուզվում են «Հայռուսգազարդի» Արտաշատի մասնաճյուղի տնօրենն ու նրա եղբայրը
Քիչ առաջ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` նախօրեին` ժամը 12.00-ին, 28-ամյա Ա. Ավագյանը դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի տնօրեն, 50-ամյա Հովհաննես Ղազարյանը և նրա եղբայրը` 36-ամյա Մկրտիչ Ղազարյանը, մի քանի իրեն անծանոթ անձանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շուրջ 10 րոպե հայհոյել ու ծեծի են ենթարկել իրեն և դատարանի դահլիճում նստած իր ընկերներ Հ. Գուլաբյանին, Ա. Ղազարյանին, Գ. Հակոբյանին, Ռ. Սարգսյանին և Ա. Աթանեսյանին:
«Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը, ժամը 22.30-ին, ոստիկանության աշխատակիցները 1956 թ. ծնված Հ. Մելիքսեթյանի բնակարանի խուզարկությամբ, հյուրասենյակի մահճակալի տակից հայտնաբերվել են 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 22.50-ին, 1988 թ. ծնված Վ. Ամիրզադյանի բնակարանի խուզարկությամբ, ննջասենյակի պահարանից հայտնաբերվել են վերջինիս կողմից առանց հաշվառման պահվող 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական և օդամղիչ հրացաններ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի հինգ և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի չորս փամփուշտ, լուսաձայնաազդանշանային փամփուշտ կրակելու ինքնաշեն սարք, սղոցման ատամներով դանակ և «Մոտոռոլա 5118» տիպի ռադիոկապի երկու միջոց»,- նշված է հաղորդագրությունում:
Աղբյուրի փոխանցմամբ` հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: «Ձեռնարկվում են միջոցառումներ Հովհաննես ու Մկրտիչ Ղազարյաններին և մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել