HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Լքված Դաստակերտի լուսավոր բնակչիները (վիդեո)

Դաստակերտ հասնելու համար պետք է մեքենադ թողնես մի ապահով տեղում, վերցնես մի «դժվար քայլող» տաքսի ու անպայման նախօրոք իմանաս, որ վարորդը շատախոս կուսակցական է, որը հազար ու մի մասնագիտությունների է տիրապետում: Ու վարորդի զարմանահրաշ պատմությունները լսելով, խորդուբորդ ճանապարհներով դխդխկացող մեքենայի մեջ գլորվելով, բայց մտքում քարե մերկ լեռներով վազելով՝ հասնում ես Դաստակերտ:

Դաստակերտի մուտքը ազդակող ցուցանակից մի քիչ էլ գլորվում ես առաջ ու հաստաբուն ծառերի կամարով մտնում քաղաք: Մի կողմում գետն է կիսափուլ կամրջով, մյուս կողմում՝ երկու կիսափուլ շենք: Պատկերը կատարյալ մեռած, մի քիչ էլ միստիկ կարելի է համարել, եթե չտեսնես բոլոր կողմերից ծլող աշխույժ ու լուսավոր երեխաների, որոնք ամեն կողմից շրջապատում են անծանոթներին ու մեղուների պես բզզում:

Սիսիանից մոտ 23 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքն է՝ մոտ 320 բնակչով: Խորհրդային Միության ժամանակաշրջանում այն բավականին ակտիվ քաղաք էր, հայտնի իր պղնձամոլիբդենային կոմբինատով:

Կոմբինատի փակվելուն պես Դաստակերտը լքվեց ու դատարկվեց: Այսօր այն հիշեցնում է պատերազմի ռումբերի զոհը դարձած մի լքված բնակավայր: Շրջակա սարերում երկրաբանները, արդեն մի քանի տարի է, հետազոտական աշխատանքներ են կատարում: Երկրաբաններն ասացին, որ հանքավայրը շահագործվելու է առաջիկա տարիներին:

15-ամյա Աստղիկը մեկ տարի առաջ սիրահարվել է Ալավերդուց ժամանած երիտասարդի, ով մասնակցում էր հետազոտական աշխատանքներին: Մեկ տարի շփվում են հեռախոսով ու իրենց բախտը կապում հանքավայրի շահագործման հետ: Աստղիկը ապրում է Դաստակերտի միակ բնակելի, չորս հարկանի շենքում:

Հայրը՝ Ռուդիկը, Բաքվի փախստական է: 23 տարի առաջ հայտնվել է Դաստակերտում, ծանոթացել ապագա կնոջ հետ: Այսօր նրանք ունեն 5 երեխա, ստանում են 51.000 դրամի նպաստ, աշխատանք չունեն, ապրում են մի մռայլ տան մեջ, բայց որքան էլ տարօրինակ է, երջանիկ են:

Հեռավոր Դաստակերտի բազմազավակ այս ընտանիքը օրվա հացը վաստակում է հարևանի այգում «վիշնյա» հավաքելով, սարերում խոտի գործ անելով կամ ինչպես Ռուդիկն է ասում, «որ օրը ոնց պատահի, մի տեղից մի բան անում ենք, մի կտոր հաց ուտում»:

Աստղիկն ու երկու քույրը՝ Լիլիթը և Էլմիրան, երազում են լքել Դաստակերտը՝ գնալ Երևան: Հարցնում եմ. «Որ գնաս Երևան, ի՞նչ ես անելու»: «Կարևորը չեմ կռվի իրանց հետ»,- քույրերին նկատի ունենալով՝ լայն ժպիտը դեմքին ասում է 13-ամյա Լիլիթը: 

Աղջիկները, տան գործերից ու սերիալ նայելուց բացի, այլ զբաղմունք չունեն. խնամում են փոքրիկ Բորիսին, այգում գործ են անում, միրգ են հավաքում ու երազում: (Տես նաև` Ֆոտո էսսեն)

Տան պատերը, առաստաղը, կահույքը գորշ են, տունը՝ մաքուր: Սառնարան հիշեցնող պահարանի վրա դրված է փոքրիկ հեռուստացույց, որում գույներ կան: Ուտում են իրենց այգում աճեցրած բանջարեղենը, միակ կովից ստանում են կաթ, որն անգամ երեխաներին չի բավականացնում... ու ժպիտով պատմում են: «Սառնարան չունե՞ք» հարցին Ռուդիկը ժպտում է, ասում. «Չէ, սառնարանում պահելու բան չունենք, սառնարան ի՞նչ ենք անում»:

Ընտանիքի մյուս լույսը 3-րդ դասարանցի Գրիշիկն է, ով երազում է բժիշկ դառնալ: Ընտանիքի ամենափոքրը՝ 1.8 տարեկան Բորիսը, չորս օրական էր, երբ ծանր վիրահատության ենթարկվեց: Ու Գրիշիկը որոշել է բժիշկ դառնալ: Այժմ Բորիսը աշխույժ քայլում է և ծիծաղում:

Չորս երեխա մի քանի օրից գնալու է դպրոց: «Չունեն նորմալ հագնելու բան, տետրերի ու պիտույքների համար փող է պետք, մի բան կանենք, եսիմ...»,- ինքն իրեն խոսում է Ռուդիկը: «Բաքվում ես կյանք եմ տեսել, նորմալ ապրել ենք, աշխատել, ես պլոտնիկ եմ եղել: Բայց ստեղ բան չկա անելու: Հեսա որ հանքը բացվի, կարող է տեղ գործ լինի, կաշխատեմ, բայց էդ էլ ի՞նչ իմանամ, մշտական է, մշտական չէ, էս նպաստը գոնե գիտենք, ամեն ամիս կա»:

Մեկնաբանություններ (1)

Anush
Հրաշալի նյութ.ամբողջությամբ մի տեսակ պատմելի է դառնում Դաստակերտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter