
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դժգոհ է ընտրությունների ընթացքից. «Մեր նկարահանող խումբը բազմաթիվ խախտումներ է գրանցել: Թիվ 39 դպրոցում (Մետաքս թաղամաս) երկու տեղամասերում էլ կուտակումներ են եղել: Մեր նկարահանող խմբին թույլ չեն տվել նկարահանել: Քվեատուփերը հակառակ կողմով էին դրված եւ ամեն ինչ երեում էր, ընտրողի գլխին էլ մի խումբ մարդ էր կանգնած: Այդ տեղամասում Գագիկ Բեգլարյանն էր ընտրում: Միայն մեր խմբի դիտողությունից հետո քվեատուփերը շրջվել են: 9/5 հանձնաժողովի նախագահ Արթուր Մկրտչյանն ասել է, թե ինքը թքած ունի` ով ինչ կասի, անելու է այնպես, ինչպես ինքն է ուզում»:
Տիգրան Կարապետյանը նկատում է, որ տեղամասեր կան, որտեղ ամեն ինչ հանգիստ է: Նրա խոսքերով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչինչ չի անում. «Մենք խախտումների մասին դիմել ենք թե' Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե' իրավապաշտպան կազմակերպություններին»:
Տիգրան Կարապետյանը դատապարտում է լրագրողների նկատմամբ կատարվող բռնարարքները. «Ինչպես կարելի է լրագրողներին խոչընդոտել եւ նրանց դեմ որեւէ խախտում անել»,- ասում է Տիգրան Կարապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել