HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» ահազանգեր է ստանում բռնությունների ու երթուղայիններով ընտրողներ տեղափոխելու մասին

29_04-s-safaryan«Ժառանգություն» կուսակցությունն արդեն բռնության երեք դեպք է գրանցել: Վաղ առավոտյան, 8:15 րոպեին 7/8 ընտրատեղամասում Դատական դեպարտամենտի նշանակած հանձնաժողովի անդամ Գոռ Միսակյանի կողմից «Ժառանգության» հանձնաժողովի անդամ Գագիկ Սարգսյանի և ՀԱԿ-ի վստահված անձ Սերժիկ Մկրտչյանի նկատմամբ բռնություն է կիրառվել: Վերջինս պահանջել է, որպեսզի «Ժառանգության» և ՀԱԿ-ի ներկայացուցիչները լքեն ընտրատեղամասը, նրանք չեն ենթարկվել, որից հետո Գոռ Միսակյանը սկսել է հարվածել նրանց: Մոտ մեկ ժամ առաջ ծեծի է ենթարկվել 7/18 ընտրատեղամասի հանձնաժողովի «Ժառանգություն» կուսակցության անդամ Մխիթար Նաջարյանը: Ծեծողները եղել են հանձնաժողովի մյուս անդամները, և տուժողը լքել է ընտրատեղամասը: «7/18-ից մենք վաղ առավոտից էինք ահազանգ ստացել: 9:30-ի մոտակայքում անհայտ անձը մոտեցել էր Կոնգրեսի վստահված անձին` Արման Բարխուդարյանին, և ինչ-որ զրույցից հետո վերջինս լքել է ընտրատեղամասը և այլևս չի վերադարձել: Ակնհայտորեն ճնշումներ են գործադրվել, և նա լքել է տեղամասը, որից հետո ՀԱԿ-ը փոխել է վստահված անձին, բայց քանի որ հնարավոր չի եղել անել իրենց ուզածը, 11:45-ի սահմաններում ահազանգ ստացանք, որ նույն տեղամասում ծեծի է ենթարկվել Մխիթար Մաջարյանը»,- տեղեկացրեց «Ժառանգության» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Իսկ երրորդ դեպքը լրագրողների նկատմամբ իրականացրած բռնությունն է: Ստեփան Սաֆարյանը նաև ասաց, որ վաղ առավոտից Մալաթիայի ընտրատեղամասերից ահազանգերը շատ են եղել: Առավոտյան եղել են քվեատուփերը վերահսկելու անթաքույց միտումներ բազմաթիվ ընտրատեղամասերում, և դա փորձել են անել` քվեախցիկները թարս տեղադրելով: «Ժառանգությունը» շատ ահազանգեր է ստացել նաև երթուղային տաքսիներով Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ և այլ համայնքներում ընտրողներ տեղամաս բերելու մասին: Այդ կապակցությամբ մի միջադեպ է տեղի ունեցել. «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի առջև մի քանի տաքսիներ են կայանել` «Հովհաննես» կոչվող տաքսի ծառայության մեքենաներ, որոնց վարորդները հարցրել են, թե ո՞ւր են այն ընտրողները, որոնց պետք է տեղափոխել տեղամաս: Նրանց ասվել է, որ «Ժառանգությունն» ընտրություններին չի մասնակցում, և նրանք տարակուսել են, թե որտեղից հիմա պիտի ընտրողներին տանեն: «Տաքսի ծառայություններից սկսած, վերջացրած երթուղայիններով ուղղակի տրամադրված են հիմնականում, օրինակ, 4 համարի երթուղայիններով Հանրապետականներն են ընտրողներ բերում Քանաքեռ-Զեյթուն տեղամասեր, «Տիգրան» ՍՊԸ-ին պատկանող 100 և 59 համարի երթուղային տաքսիներով ԲՀԿ-ն է տեղափոխում»,- տեղեկացրեց Ստեփան Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter