Անչափահասները դաձել են տան հիմնական աշխատուժը. ու՞մ համար է աղքատության նպաստը
Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ 16 -ամյա Վովա Զաքարյանն արդեն երկու տարի է դպրոց չի հաճախում: Նա նույնիսկ չի պատրաստվում մասնակցել ութամյա կրթության ավարտական քննություններին ու «ձեւի համար» վկայական ձեռք բերել: Մեզ հետ զրույցում Վովան անկեղծացավ, որ շատ է կարոտում դպրոցը, շատ կուզենար գյուղի մյուս երեխաների նման կրթություն ստանալ, սակայն տան միակ կերակրողն է:
Վովան աշխատել է փոքր հասակից, քանի որ հայրը լքել է ընտանիքը, մայրը հիվանդ է. հաճախակի է սրտի նոպաներ ունենում, իսկ 18 - ամյա քույրն ու 7 -ամյա եղբայրն ապրելու ոչ մի միջոց չունեն:
«Գիտե՞ք ինչպես եմ գործ գտնում, ընկնում եմ դռնեդուռ, հարուստներին հարցնում եմ, թե ինչի կարիք ունեն, ջրագծեր էլ եմ փորում, քար, ցեմենտ էլ եմ կրում, բոստան էլ եմ մշակում, ծաղիկ էլ եմ ծախում: Մի քանի ամիս առաջ երկու հարյուր դրամով ձնծաղիկ վերցրեցի, հինգ հարյուրով ծախեցի, ոչ մի ամոթ բան չկա, ես աշխատել շատ եմ սիրում, չարչարվելուց չեմ վախենում, չեմ բողոքում, ով էլ աշխատի` պիտի հոգնի, մեր տեր Հիսուս Քրիստոսն էլ չարչարվեց մեր համար, մենակ թող աշխատանք լինի: Գյուղում չեմ ուզում աշխատել, որովհետեւ մեր գյուղացիք ասում են` արի անվճար աշխատի, լավություն արա: Չեն պատկերացնում, որ լավություն անելու դեպքում մեր ընտանիքը սովից կմեռնի, դրա համար էլ մեկ-մեկ ոտքով, մեկ-մեկ էլ ավտոբուսով գնում եմ Գեղաձոր, Անուշավան, Արեւաշատ, եղել է, որ գործ եմ բռնացրել Աշտարակում կամ Երեւանում: Կա օր, որ 2000 դրամ փող եմ աշխատում, կախված գործի բարդությունից, հետո գալիս-մտնում եմ գյուղի խանութ, սնունդ եմ առնում ու պարզ ճակատով տուն եմ մտնում»: Վովան պատմում է, որ իրենք բարեկամներ շատ ունեն գյուղում եւ Ռուսաստանում, բայց չի ուզում, որ խղճալով օգնեն իրենց: Տղան աշխատում է առավոտվա 10-ից մինչեւ ուշ երեկո: Սակայն միշտ չէ, որ մարդիկ կատարում են իրենց պայմանավորվածությունը: «Չեմ նեղվում, եթե ինձ չխաբեն, բայց, իհարկե, եղել են դեպքեր, երբ առավոտվա 7-ից գնացել եմ մինչեւ գիշերվա ժամը 10-ը, ամբարից ցորեն եմ հանել, մթով ոտքով տուն եմ եկել, վախենալով շան ու գելու բաժին դառնալուց, բայց խաբել ու 1000 դրամ են տվել: Երեք անգամ Արեւշատում ինձ խաբեցին, շատ սարսափելի գյուղ է: Իմ հանգիստը մենակ անձրեւների ժամանակ է»,- պատմում է Վովան: Վերջերս, երբ քույրը դարձավ չափահաս, կտրեցին ընտանիքի միակ եկամուտը` աղքատության համար հատկացվող նպաստը, որը կազմում էր 25 000 դրամ: Քույրն էլ աշխատանք չունի, գնում է տարբեր մարդկանց հողամասերում աշխատում է: «Բա էլ ինչու՞ են անունն աղքատության նպաստ դնում, երբ չեն տեսնում անգամ ծայրահեղ աղքատներին»,- զարմանում է տասնվեցամյա տղան: Նրանք անասուն չունեն, ունեն տնամերձ մեծ հողամաս, որտեղ, ինչպս տղան է ասում, անգամ կարտոֆիլ չեն կարողանում ցանել:
Վովայենց տան ներսի պատերը մրոտված են, երկաթե հնաոճ մահճակալներին տեղաշոր էլ չկա: Մայրը՝ Նունե Բարսեղյանը, Կիրովականից հարս գալով Գետափ, երբեք չի աշխատել: Նա պատմում է, որ ամուսինը 1993-ից մինչեւ 2006-ը ծառայության մեջ է եղել ու հազվադեպ է օգնել ընտանիքին: Երեխաները հոր մասին չեն սիրում խոսել: Վովայի պատմելով` իրեն միակ օգնողը քույրն է, նա էլ գնում է ուրիշների բոստաններից կարտոֆիլ հավաքելու, քաղհան անելու: «Քանի ես կամ, չեմ թողնելու, որ մայրս աշխատի, սիրտը շատ վատ է, չի կարող գործ անել, մենակ մի մտածմունք ունեմ. եթե բանակ գնամ, չգիտեմ` ո՞վ պիտի պահի մեր ընտանիքին, շատ խառը վիճակ է»: Վովան պատմում է, որ դպրոցի տնօրենը խնդրել է գնալ քննություն հանձնել, ատեստատ ստանալ, բայց ինքը չի կարող, որովհետեւ մտածմունքները շատ են: Կարդալու ցանկություն չունի, քանի որ «սովորելը էս դարում ապագա չէ»: «Քիչըմ- միչըմ ռուսերեն գիտեմ, հերիք է, բայց լուրերին միշտ կհետեւեմ »,- ասում է Վովան: Նա ավելացրեց, որ հենց փող է աշխատում, եկեղեցի է վազում՝ մոմ վառելու, պատարագների է մասնակցում: Նրա ասելով` տան լույսը երկու անգամ անջատել են, վերջին շրջանում էլ «թարսի պես գործ չի կպնում», որ գոնե կոմունալ հարցերը լուծի: «Փոքր ժամանակ վիճակը փոքր-ինչ լավ էր, երեք տարի է` շատ-շատ է վատացել, թե կարող եք` ինձ մի գործ ճարեք»,- խնդրում էր փոքրիկ գետափցին: Երբ տան փոքրիկին` առաջին դասարանցի Հրաչիկին հարցնում ենք, թե մեծանաս ի՞նչ ես դառնալու, միանգամից պատասխանում է. «Գնալու եմ խոպան»: Շիրակի մարզում աշխատող անչափահաս երեխաները մեծ թիվ են կազմում: Գյումրիում աշխատող երեխաների ամեն քայլափոխի կարելի է հանդիպել կենտրոնական շուկայում: Ընդ որում, նրանց մեջ կան ոչ միայն 15-16 տարեկաններ, այլ նույնիսկ 10, 11: Մեզ ոչ մի կերպ չհաջողվեց նրանց հետ շփվել, քանի որ խիստ զբաղված էին, բանջարեղեն, միրգ ու ձկնեղեն էին վաճառում, ապրանքների տերերն էլ գլխավերեւներում կանգնած` արգելում էին կես բառ անգամ արտաբերել: Նրանցից շատերը թաքցնում էին իրենց տարիքը` տպավորություն ստեղծելով, թե մենք ոստիկաններ ենք եւ գնացել ենք իրենց գործը խլելու: Մեկ շաբաթ շարունակ տարբեր ժամերի կենտրոնական շուկա այցելելով` համոզվեցինք, որ շուկայում կանգնող երեխաները փաստացի դպրոց չեն հաճախում, նրանցից յուրաքանչյուրը շուկայում ունի իր անփոփոխ տեղն ու բիզնեսը: Միայն մեկը խոստովանեց, որ 13 տարեկան է եւ հաճույքով վարունգ է ծախում: Գյումրեցի որոշ անչափահասներ էլ իրենց համար աշխատատեղ են գտել եկեղեցու բակում: Նրանք զբաղվում են մուրացկանությամբ, չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում վախենում են կանգնել եկեղեցու բակում: Ինչպես մեզ ներկայացրեց աղավնի վաճառողներից մեկը, Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը խիստ հսկողության տակ է վերցրել մուրացկան երեխաներին` արգելելով հայտնվել իր շուրջբոլորը: Մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարկել իր անուն-ազգանունը, ասաց, որ մուրացկան երեխաները այնպես էին «հաբռգել», որ անցորդների գրպաններն էին պոկում, թեմի առաջնորդն էլ, հրավիրելով անչափահասների հարցերով զբաղվող ոստիկանության հատուկ բաժանմունքի աշխատակիցներին, վերջ է դրել այդ տհաճ պատմությանը: «Բայց եթե ուզում եք մուրացկան երեխեքին հանդիպեք, շաբաթ ու կիրակի եկեք` հարսանիքներին, ընտանիքներ կան, որոնք իրենց երեխեքին գործի են ուղարկում հենց էդ օրերին` քավորից մի բան պոկելու համար, մյուս օրերին եկեղեցու տակ չեն թույլատրում կանգնել, բայց ի նկատի ունեցեք, որ հիմա մայիս ամիսն է, եկեղեցին հարսանիքներ չի թույլատրում, շատն էլ դրա համար են անհետացել»,- ասաց մեր զրուցակիցը: Շիրակի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանի տեղեկացմամբ` մարզում վերջին մեկ տարվա ընթացքում անչափահաս երեխաների իրավունքների ոտնահարման, մասնավորապես դպրոց գնալու հաշվին աշխատելու դեպքեր չեն գրանցվել: «Եթե նախորդ տարիներին Գյումրիի երթուղային տաքսիներում աշխատող երեխաներ կային (նրանք ուղեւորների համար դռներն են փակում ու բացում- հեղ.), հիմա չկան: Վերջին շրջանում ոչ մի ահազանգ չենք ստացել, շուկայում էլ աշխատում են ծնողների հետ, նրանց հսկողության տակ: Եթե ծնողները համաձայն են, օրենք չի խախտվել, աշխատում են ընտանիքին օգնելու համար, նրանց կրթությանն ու առողջությանը չի վնասում, մենք էդտեղ չենք միջամտում, մեր միջամտությամբ մի բան էլ կվնասենք նրանց: Շիրակի մարզում ակնառու դրսեւորվող փաստեր չկան»,- «Հետքի» հետ զրույցում վստահեցրեց Լուսինե Գինոսյանը:
Անի Ղուկասյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել