
«Առանց ԼՂՀ մասնակցության ստորագրված ցանկացած փաստաթուղթ ոչնչություն է` անկախ այն բանից, թե ով է դրա տակ ստորագրում: Առանց իր համաձայնության ու մասնակցության կայացված որոշումը Ղարաբաղի ժողովուրդը չի ընդունելու: Որոշում կայացնելուց առաջ նախ պետք է անպայմանորեն հաշվի առնել ԼՂՀ ողջ բնակչության կարծիքը, քանի որ հենց իրենք են պայքարել ու տարիներով մասնակցել Ադրբեջանի կողմից իրենց պարտադրված պատերազմում: Որտե՞ղ էին այդ ժամանակ այն միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունն ընդհանրապես, ովքեր հիմա հենց այդ նույն ժողովրդին անվտանգության երաշխիքներ են փորձում տալ»,-իր ասելիքը հարցի տեսքով հնչեցրեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը` «Հետք»-ին տված հարցազրույցում: Նա գտնում է, որ միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է գնահատական տա Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բնակչության դեմ սկսած պատերազմին:
Նրա կարծիքով, այսօր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացքում անթույլատրելի է հաշվի չնստել Արցախի հանրապետության ժողովրդի հետ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք պատերազմում կորուստ է ունեցել, եւ այս հողը խառնված է նրանց հարազատների արյամբ:
Պատասխանելով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների սանկտ-պետերբուրգյան հանդիպման եւ հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին հարցին, ԱԺ պատգամավորը նշեց, որ ոչ այդ հանդիպմանը, եւ ոչ էլ հետո Հայաստանը չպիտի Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող որեւէ փաստաթուղթ ստորագրի` առանց ԼՂՀ մասնակցության:
Նա միաժամանակ նշեց, որ «Հայաստանը շատ շուտ պետք է հրաժարվի բանակցություններից` ներկայացնելով ԼՂՀ-ի մասնակցության պահանջ, ինչպես նաեւ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել