HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգերի ղողանջը կտարածվի Օձունում և հարևան 8 գյուղում

Ապրիլի 17-ին Օձունի եկեղեցին անսովոր մարդաշատ էր: Կիրակնօրյա պատարագից հետո Գուգարաց թեմի առաջնորդ, եպիկոպոս Տեր Սեպուհ Չուլջյանի մասնակցությամբ եկեղեցում կատարվեց զանգերի օծման արարողություն, և նշվեց մի քանի հոգևոր տոն` և Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, և ճյուղերի օրհնությունը, և երեխաների օրհնությունը:

Օձունի բազիլիկ գմբեթավոր եկեղեցին զանգերից զրկվել է 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ըստ տարածված կարծիքի` եկեղեցու զանգերը օգտագործվել են «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար: Զանգերի վերականգնումը վերջին տարիներին եղել է Օձունի եկեղեցու քահանա Տեր Վրթանես Բաղալյանի մտահոգություններից մեկը:

Երբ այս տարի «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանն ընտրվեց Օձունի եկեղեցու խաչքավոր, զանգերի վերականգնման խնդիրը դարձավ հնարավոր: Ռուբեն Պապոյանի միջնորդությամբ «Վալլեքս» խմբի ընկերությունների գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը եկեղեցուն նվիրել է 2 զանգ, որի ղողանջներն այսուհետև կտարածվեն Օձունում և հարևան 8 գյուղում:

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Հետքին» ասաց, որ եկեղեցու զանգերը կտեղադրվեն առաջիկա շաբաթվա ընթացքում: Նա հերքեց շրջանառվող այն լուրերը, թե եկեղեցու զանգակատան վթարային վիճակի պատճառով առաջիկայում հնարավոր չէ զանգեր տեղադրել: «Մենք փորձեցինք զանգակատները և տեսանք, որ կարող են մոտ 300 կգ ծանրություն պահել, և դա հիմք ընդունելով` այս զանգերը կկախենք»,- ասաց Տեր Վրթանեսը:

Զանգերից մեկը 150 կգ է, մյուսը` մոտ 90 կգ: Զանգակատները, սակայն, այս զանգերը կկրեն մի որոշ ժամանակ, իսկ հետագայում` զանգակատների քանդման և վերաշարման աշխատանքները կատարելիս, զանգերը կիջեցվեն և նորից կտեղադրվեն:

Տեր Վրթանեսն իր ուրախությունը հայտնեց նրա առթիվ, որ երկար լռությունից հետո Օձունի եկեղեցին զանգեր ունի, և այս զանգերը Աստծու ուշադրությունը կսևեռեն Օձունի և նրա շրջակա գյուղերի վրա, գյուղացիներին էլ կհրավիրեն դեպի եկեղեցի:

Օծման արարողությունից հետո Գուգարաց թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց Օձունի եկեղեցու խաչքավոր Ռուբեն Պապոյանին, ով ընդառաջել էր Տեր հոր խնդրանքին և Վալերի Մեջլումյանի միջոցներով կազմակերպել զանգերի նվիրատվությունը: «Այսօր բոլորդ ուխտավորներ եք, և աստված ընդունելի անի ձեր բոլորի ուխտը, սիրելի հավատացյալ ժողովուրդ: Ընդունելի անի բոլոր այն ուխտավորների նվերները, ովքեր այսօր չեն զլացել և իրենց հավատքի զորությամբ պատկերներ ու զանգեր են նվիրում այս սրբազան եկեղեցուն»,- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը:

Այնուհետև հավատացիալներին բաժանվեցին օրհնված ուռենու ճյուղեր: Օձունի եկեղեցու մանկական երգչախումբը հոգևոր երգեր կատարեց հավատացյալների համար: Տոների առթիվ հավատացյալներին և բարեգործին «Լոռի» հայրենակցական միության անունից շնորհակալություն հայտնեց միության նախագահ Սերգո Երցյանը:

Ապա ուխտավորները, չնայած հորդառատ անձրևին, շարժվեցին դեպի Արդվի գյուղ` մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արդվի եկեղեցում թաղված Հովհան Իմաստասերին:

Մեկնաբանություններ (1)

haykUS
Father Vrtanes is a great man. I met him once with my wife and we had enjoyed conversation with him in Odzun. He is doing great job cleaning and restoring Odzun monastery with his own limited resources. If all were like him our church would not have any problems. Our high priests must take an example from him to improve our church and become real holly people and not crooks like our government and Katalikos.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter