HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Փրկեցին անչափահաս տղաների կյանքը

get

Հունիսի 4-ին, ժամը 17.40-ին Կապանի հրշեջ ծառայության փրկարար ջոկատը ահազանգ է ստանում, որ Ողջի գետը 2 տղայի է քշում-տանում: Հաշված րոպեներ անց, ըստ Կապանի հրշեջ ծառայության փրկարար ջոկատի հրամանատար Դավիթ Ասատրյանի, մեկ մարտական մեքենա ու փրկարար 2 ջոկատ տեղում էր: 14-ամյա Գառնիկ Ավետիսյանը ընկերոջ` Ալբերտ Բաղդասարյանի հետ սովորականի նման ձուկ էր բռնում Ողջի գետից, երբ ոտքը սայթաքեց ու ընկավ գետը: Նրան փրկելու համար գետը մտավ նաեւ ընկերը` 15-ամյա Աբերտը, սակայն վարարած Ողջին երկու անչափահասներին քշեց:

get2

Գառնիկին մոտ 100-120 մետր քշել-տարել էր: Ալբերտ Բաղդասարյանին տեղում բժշկական օգնություն է ցույց տրվել, ու հենց դեպքի վայրից նրան տեղափոխել են տուն: Տուժածը հիվանդանոց ուզում էր գնալ միայն ընկերոջը տեսակցելու համար եւ անընդհատ բղավում էր` ընկերոջս օգնեք: Գառնիկը Կապանի բժշկական կենտրոնում անմիջապես առաջին բուժօգնությունը ստացավ: Հերթապահ բժշկուհու փոխանցմամբ` տուժածի կյանքին վտանգ չի սպառնում: Գառնիկը, թերեւս վախից, չցանկացավ խոսել ու մեզ պատմել եղելությունը: Իսկ բժշկական կենտրոնի բակում սպասող Գառնիկի հարազատները շնորհակալ էին փրկարարներից: «Հալալ ա փրկարարներին, տղաների կյանքը փրկեցին»,- ասում է Գառնիկի հայրը` Մարտունը: Փրկարար Վոլոդյա Գաբրիելյանի գլխավորած ջոկատին հաջողվեց փրկել մարդկային կյանքերը:

«Պատահարի վայրում գտնվելիս չես մտածում քո կյանքի անվտանգության մասին, միայն տուժածին ես ուզում փրկել` ամեն գնով»,- նշեց Վոլոդյան: Մեր ունեցած տեղեկություններով` հունիսի 3-ին Ողջի գետի նույն հատվածում 40-ամյա մի մարդ էր գետն ընկել: Կապանցի Դավիթ Աթայանին հաջողվել է փրկել նրա կյանքը: Այս լուրը հաստատեցին նաեւ փրկարարները, սակայն դեպքը նրանց մոտ որպես արտակարգ պատահար գրանցված չէր: Ի դեպ, Կապանի հրշեջ ծառայության փրկարար ջոկատի հրամանատար Դավիթ Ասատրյանի խոսքով` ծառայությունը ապահովված է թե' մեքենաներով, թե' սարքավորումներով` ահազանգերի դեպքում օգնության հասնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter