Նշվեց մասնաճյուղի 10-ամյակը.Սյունիքում բուհ բացելը ռազմավարական նշանակություն ունի
142 շրջանավարտ, ներկայումս գործող 3 բաժին` 168 ուսանող, 20 աշխատակից-ահա ռուս-հայկական հումանիտար ժամանակակից ակադեմիայի Կապանի մասնաճյուղի 10-ամյա ձեռքբերումը: 10 տարի առաջ, երբ սյունիքյան բուհերի թիվը համալրվեց ևս մեկով, դժվար էր հավատալ, որ այն կգոյատևի: Սակայն տնօրեն Վիկտորյա Դավթյանը կարողացավ բուհի մասնաճյուղի գործունեությունը ապահովել, ու շատ-շատ մասնաճյուղերի նման այս մեկը չփակվեց:
Մասնաճյուղի կազմավորման 10-ամյակը նշվեց մեծ հանդիսավորությամբ: «Ասվածի ապացույցը այն է, որ մեր շրջանավարտները այսօր աշխատում են պետական տարբեր ատյաններում` թե' հարկային, թե' իրավապահ եւ թե' կառավարման այլ օղակներում: Ուրեմն կարելի է հպարտությամբ հայտարարել, որ մեր մասնաճյուղը կայացել է ու դեռ երկար կշարունակի նրա երթը»,-նշեց տիկին Դավթյանը: Երևանյան բուհի ղեկավար Լարիսա Ռշտունին, դրական գնահատելով Կապանի մասնաճյուղի աշխատանքը, հրապարակեց ակադեմիայի գլխավոր տնօրեն Ս. Կարպենկոյի ուղերձը: Վերջինիս հրամանագրով էլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պարգևատրվեց «Բուհի ասպետ» հուշամեդալով: Բարեխիղճ աշխատանքի 3-րդ աստիճանի մեդալի արժանացավ բուհի կապանյան մասնաճյուղի տնօրեն Վ. Դավթյանը, ինչպես նաեւ մեդալներ ու շնորհակալագրեր ստացան բուհի դասախոսներն ու աշխատակիցները, լավագույն ուսանողներն ու շրջանավարտները: Վերջիներիս մեջ էր նաեւ Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը:
Սյունիքի մարզպետի խոսքով, ցանկացած ուսումնական հաստատության բացում ռազմավարական նշանակություն ունի մարզի համար: «Երիտասարդը, պատանին, տեսնելով այլընտրանքային ուսւոցման տարբերակը, մնում է իր հայրենի հողում, ավարտում ու աշխատանքի անցնում: Ահա այս հարցում գնահատելի է այս բուհի աշխատանքը»,-ասաց մարզպետը: Վերջինիս որոշմամբ «Ակսել Բակունց» հուշամեդալի արժանացավ երևանյան բուհի ռեկտոր Լարիսա Ռշտունին, ինչպես նաև ռուս-հայկական հումանիտար ժամանակակից ակադեմիայի Կապանի մասնաճյուղի մի քանի դասախոսներ արժանացան մարզպետի շնորհակալագրերի: «Այս մասնաճյուղի բացումը Կապանում ևս մեկ քայլ առաջընթաց արձանագրեց ռուս ու հայ ժողովուրդների հարատև բարեկամության մեջ»,-այս միտքը արծարծեց «Ռոսիանի» ՀԿ նախագահ Գալինա Աղախանյանը: Վերջում բուհի ուսանողները փոքրիկ բեմադրություններով ներկայացրին բուհի առօրյան ու ստացած գիտելիքները:
Մեկնաբանել