16 թանգարանային աշխատողներ կմասնակցեն «Hands-on կրթական ծրագրին»
Վաղը ժամը 11.00-ին Ազգային պատկերասրահում կմեկնարկի «Hands-on կրթական ծրագրեր» խորագրով ազգային վարժանքը: Դասընթացը վարելու են միջազգային փորձագետներ` Հռոմ 3 համալսարանի Փորձարարական մանկավարժության պորֆեսոր, ԻԿՕՄ/ՍԵԿԱ միջազգային կոմիտեի նախագահ Էմմա Նարդին և Լուվրի դպրոցի թանգարանագիտության պրոֆեսոր, Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի պրոֆեսոր Մարի-Կլարտե Օ'Նեյլը: Դասընթացի նպատակն է մասնակիցներին գիտելիքներ և հմտություններ տրամադրել կրթական նոր տեխնոլոգիաների' Hands-on և Minds-on մեթոդների վերաբերյալ:
«Թանգարանները շատ վատ համբավ ունեն: Դրանք ընկալվում են որպես մահացած, ձանձրալի ու փոշոտ միջավայրեր: Մենք պիտի մտածենք այն հարցերի շուրջ, թե ինչու թանգարանը ինտերակտիվ չէ, ինչու թանգարանների ցուցադրությունը, և առհասարակ կազմակերպվող ծրագրերն ինտերակտիվ չեն: Այն պահին, երբ մենք գիտակցենք այս հարցի պատասխանը, մենք կկառուցենք նոր թանգարան' ապագայի թանգարան' ոչ թե ավտոմատիզացված տեխնոլոգիաներով, այլ մարդկային շփման ավելի հետաքրքիր մեթոդներով»,- այսօր ասացՄարի-Կլարտե Օ'նեյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանըասում է,- «Փոխվել են ժամանակները, փոխվել են հաղորդակցության ձևերն ու միջոցները, նոր սերունդը հաղորդակցության ավելի ինտերակտիվ մոդել է ուզում: Աշխարհի առաջատար թանգարաններն արդեն վաղուց օգտագործում են այդ մոդելները, և մենք ցանկանում ենք, որ այս փորձը նաև փոխանցվի մեզ և մենք կիրառենք այս մեթոդները»:
Hands-on ծրագիրը առաջին անգամ կիրառվել է գիտության թանգարաններում, որտեղ ի սկզբանե յուրաքանչյուր ցուցանմուշ նախատեսված է ձեռք տալու, փորձարկելու համար: Այժմ խնդիրն արվեստի և հնագիտության թանգարանները ինտերակտիվ դարձնելն է, որտեղ արգելվում է ձեռք տալ ցուցանմուշներին: Այստեղ Hands-on ծրագրերին փոխարինելու են գալիս Minds-on ծրագրերը: Հիմնական նպատակը մասնագետից այցելու միակողմանի հաղորդակցությունը փոխարինելն է երկկողմանի հաղորդակցության' ոչ միայն մասնագետից այցելու, այլև այցելուից մասնագետ: «Թանգարաններում միշտ ասում են' դու պետք է սա մտածես, դու պետք է սա իմանաս, բայց այցելուները պետք է ավելի անկախ մտածեն: Այցելուն պետք է իր ձայնը ունենա թանգարանում»,- ասում է Մարի-Կլարտե Օ'Նեյլը:
Մարի-Կլարտե Օ'Նեյլի խոսքերով' ինտերակտիվ թանգարան ունենալու համար ամենակարեւոր բանը լավ հավաքածու ունենալն է: «Եթե դու այդ հավաքածուն չունես, դու ստիպված ես այն փոխարինել սարքավորումներով: Հայաստանում ձեր հարուստ մշակութային ժառանգության շնորհիվ դուք ունեք բոլոր պոտենցիալները ինտերակտիվ թանգարան ունենալու համար»,- ասում է նա:
Էմմա Նարդիի կարծիքով էլ հատկապես այսօր թանգարանները շատ կարևոր են համահարթեցման դեմ պայքարելու և յուրաքանչյուր ազգի մշակութային առանձնահատկությունները պահպանելու համար:
Դասընթացներին մասնակցելու են Երևանի և մարզերի թանգարանների 16 աշխատակիցներ:
«Մենք որոշեցինք անցկացնել հետազոտություն թանգարաններում կրթական ծրագրերի վիճակի մասին եւ հասկանալ, թե որ թանգարաններն են առավել հակված կրթական ծրագրերի եւ որ թանգարաններում ավելի հեռանկարային կլինեն այս դասընթացի ընթացքում ստացված գիտելիքների կիրառումը: Կան մասնակից- թանգարաններ, որոնք արդեն իրականացնում են կրթական ծրագրեր, կան թանգարաններ, որոնք գիտակցում են կարևորությունը, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ և ռեսուրսներ»,- ասում է Ազգային պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անի Ավագյանը:
Դասընթացը իրականացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի' ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան' ԻԿՕՄ-ի, ՀՀ մշակույթի նախարարոթյան և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության (dvv-international) ֆինանսական աջակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից ծրագրի ավարտից 6 ամիս հետո պետք է ստեղծի ինտերակտիվ ծրագրեր իր թանգարանի համար' կիրառելով դասընթացի ժամանակ ստացած իր գիտելիքները:
Իսկ 2012 թ-ին նախատեսվում է ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի միջազգային գիտաժողովը անցկացնել Հայաստանում' «Գրավոր հաղորդակցությունը թանգարանային կրթության մեջ» խորագրով: ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի տարեկան գիտաժողովներին մասնակցում են 200-ից ավելի մասնակիցներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել