HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ժան Ռենոն «Ոսկե Ծիրան»-ում

Այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը: Փառատոնը կբացվի ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Ռենոյի մասնակցությամբ Լոռեն Տյուելի «Առաջին շրջան» ֆիլմով: Ժան Ռենոն այդ ֆիլմում հանդես է եկել հայ հանցագործի դերում:

Այս տարի «Ոսկե Ծիրանը» ստացել է 430 հայտ 65 երկրներից, որոնցից ընտրվել է 110 ֆիլմ` 40 երկրից: «Այս տարի նախորդ տարիներին հաստատված մրցութային երեք ծրագրեր կլինեն` Վավերագրական ֆիլմեր, Միջազգային խաղարկային եւ Հայկական համայնապատկեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ասաց, որ այս տարի «Ոսկե Ծիրանը» կունենա հատուկ իրադարձություն. «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85 եւ «Նռան գույնը» ֆիլմի 40-ամյակի առթիվ փառատոնի շրջանակներում կկայանա հայ կինոյի պատմության մեջ իր արժանի տեղը զբաղեցրած այդ ֆիլմի հայկական տարբերակի ցուցադրությունը: Ցուցադրությանը կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են «Նռան գույնի» ստեղծմանը»: Փառատոնն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի նաեւ հայ կինոյի մեծ անուններին. «Կցուցադրվեն Բագրատ Հովհաննիսյանի, Արման Մանարյանի ֆիլմերը` այս ռեժիսորների 80-ամյա հոբելյանների հետ կապված»,- ասաց Սուսաննա Հարությունյանը: Այս տարի փառատոնին հյուր կլինեն 3 մեծանուն ռեժիսորներ տարբեր աշխարհամասերից` Յեժի Սկոլիմովսկին (Լեհաստան), Ռոբ Նիլսոնը (ԱՄՆ) եւ Կոհեյ Օգուրին (Ճապոնիա): Այս ռեժիսորները կմասնակցեն իրենց ֆիլմերի ցուցադրությանը: Փառատոնի նորույթներից է նաեւ «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական ծրագիրը. «Այս ծրագիրը կներառի վերջին տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ վավերագրական ֆիլմերի «Հայք» ստուդիայի կողմից նկարահանված ֆիլմերը»,- ասաց Միքայել Ստամբոլցյանը: Այս տարի էլ պահպանվել է «Մեկ օր Եվրոպայում» խորագիրը, որի շրջանակներում կներկայացվեն լավագույն եվրոպական ֆիլմեր` ֆրանսիական, գերմանական, հոլանդական եւ լեհական: Միքայել Ստամբուլցյանն ասաց, որ ֆիլմեր են ներկայացրել նաեւ մեր հարեւանները` Թուրքիան, Իրանը եւ Վրաստանը. «Ադրբեջանն այս տարի ներկայանալու է Գերմանիայի միջոցով: Ծրագրում ներկայացված է գերմանա-ադրբեջանական համատեղ մի ֆիլմ, որը կոչվում է «Աբսուրդստան»»,- ասաց Մ. Ստամբոլցյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter