HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանը «Ժամանակ» օրաթերթի «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով հոդվածում հետևյալ տեղեկություններն է հրապարակել գյուղապետ Վանո Եղիազարյանի գործունեության վերաբերյալ. «Խմելու ջրով ԳԷՍ ա դրել ինքը, իրա սեփական ԳԷՍ-ն ա…Ըստեղ ապօրինի հանք ա դրել (բազալտի), 35 թե 25 հա: Իրականում այդ հանքն իրավունք չունեին շահագործման հանձնելու, փակված հանք ա եղել: Հանցավոր համաձայնության գալով նախկին տնօրենի հետ` ինչ-որ Հարությունյան Սամվելի, մեծ գումարներ է վերցրել, պայթեցումներ են եղել այնտեղ, ստեղ էլ դպրոցը մոտիկ ա…երբ հարցրել ենք` ինչու է տրվել, ուրեմն մեզ ինչ, լկտի ձևով ա պատասխանել. դա Հարությունյան Սամվելին տրվել ա որպես արոտատեղ: Մենք ուզում ենք իմանալ` ընդեղ արածողը Սամվե՞լն ա լինելու, գյուղապե՞տը, թե՞ ավագանին…Հարությունյան Սամվելը ֆերմեր չի, անասուն չունի…Դիմում-բողոքների շարժը չի երևում: Քննիչների մոտ նույնիսկ դա կա: 2009 թվին էր կարծեմ, նայեցինք դիմում-բողոքների գիրքը, 9 հատ դիմում էր գրանցված: Այսինքն` մի ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 9 հոգի ա դիմել, բայց ինքը էդ ընթացքում, ասենք, մի 50 հոգու օգնություն ա տվել: Բա ո՞ւր են էդ դիմումները: Ավագանին կարող ա հիմար որոշումներ ընդունի, ինքը պարտավոր ա այդ որոշումը չընդունի, եթե հակասում է օրենքին: Ավագանին, ասենք որոշում է, որ մեկին ոչ թե 50 հազար, այլ բյուջեից 5 մլն տա, իմ հարազատն ա… Անգրագետներ` բառիս բուն իմաստով, ավագանին որոշեց, ուրմեն էդ 5 մլնը պետք ա տան դրա՞ն…Ավագանիներից գրիչը տվել եմ, ասել եմ` ձեր անուն-ազգանունները գրեք, չեն կարացել գրել. կոնկրետ Եղիազարյան Հրոն, իրա հորեղբոր տղեն ա, Թորոսյան Արայիկը, Աշրաֆյան Սամվելը…

Կամ` գազի հետ կապված: Ցանկացած համայնքում, եթե սոցներդրումների հիմնադրամը ինչ-որ բան է կառուցում, 10 տոկոսը պարտավոր է համայնքը կատարի: Նա պարտավոր էր 10 տոկոսի ներդրում անել: Այս գազի ծրագիրը մոտ 29 մլն դրամի ծրագիր է, այսինքն` մոտ 3 միլիոնը նա պարտավոր էր կատարել համայնքից: Եթե մեր գյուղում բյուջեն 55-56 միլիոն է, 3 մլն-ը դժվա՞ր էր իրա համար ներդրում աներ»:

Նշված արտահայտություններից մեկ-երկուսի հետ համաձայն չլինելով` գյուղապետ Վանո Եղիազարյանը դատի է տվել իր գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանին: Մեջբերված ամբողջ տեքստից գյուղապետը զրպարտություն է համարել այն, որ ինքը բազալտի ապօրինի հանք է դրել, և որ Սամվել Հարությունյանից մեծ գումարներ է վերցրել:

Արտահայտություններից մեկն էլ` «Մենք ուզում ենք իմանալ` ընդեղ արածողը Սամվե՞լն ա լինելու, գյուղապե՞տը, թե՞ ավագանին», գյուղապետ Վ. Եղիազարյանը որակել է վիրավորական` չնայած ինքը` գյուղապետը, նշված արտահայտությունը հայցադիմում որպես հիմք բերելով, ընդգծել է, որ այն որպես հռետորական հարց է տրված:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վարդուհի Հովնանյանն այս վերջին արտահայտությունը վիրավորանք է համարել` պատճառաբանելով, որ մարդու նկատմամբ «արածել» բառն օգտագործելի չէ:

«Ավագանին կարող ա հիմար որոշումներ ընդունի, ինքը պարտավոր ա այդ որոշումը չընդունի` եթե հակասում է օրենքին… Ավագանին, ասենք, որոշում է, որ մեկին ոչ թե 50 հազար, այլ բյուջեից 5 մլն տա, իմ հարազատն ա… Անգրագետներ` բառիս բուն իմաստով, ավագանին որոշեց ուրեմն էդ 5 միլիոնը պետք ա տան դրա՞ն…Ավագանիներից գրիչը տվել եմ, ասել եմ` ձեր անուն-ազգանունները գրեք, չեն կարացել գրել. կոնկրետ Եզիազարյան Հրոն, իրա հորեղբոր տղեն ա, Թորոսյան Արայիկը, Աշրաֆյան Սամվելը…» արտահայտությունը դատավոր Վ. Հովնանյանը չի դիտել վիրավորանք` չնայած գյուղապետը նշված արտահայտության «անգրագետ» բառն էլ էր իրեն վերագրել ու վիրավորվել:

Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ. Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար` 2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:

Դատավոր Վ. Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով. վճռեց Գ. Մելքոնյանից հօգուտ Վ. Եղիազարյանի բռնագանձել 8000 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար և պարտավորեցնել Գ. Մելքոնյանին «Ժամանակ» օրաթերթում՚ ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտություն համարվող տվյալները:

Ըստ փաստացի տվյալների` 2007 թվականին «Կարատ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել Լեռնապատ գյուղում գյուղատնտեսական նպատակով 20 հա հողամասի վարձակալման մրցույթում: Նույն օրը գյուղապետի որոշմամբ վարձակալության իրավունքով ընկերությանն է հատկացվել 20 հա 1-ին կարգի արոտ` որոշակի ժամկետով և տարեկան վարձավճարով: Գյուղապետի և ընկերության տնօրենի միջև կնքված պայմանագրով էլ հողամասը տրամադրվել է գյուղգործունեության նպատակով: Այնինչ Սամվել Հարությունյանը, պայմանը խախտելով, տարածքն օգտագործել է ոչ ըստ նշանակության. որպես արոտավայր հատկացված տարածքում իրականացվել են ընդերքի պաշարների հետախուզական աշխատանքներ:

Փաստորեն` Լեռնապատում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացած արտոնագիրը Ս. Հարությունյանը միաժամանակ օգտագործել է արոտավայրի համար:

2009 թվականի մայիսին նշված արտոնագիրը ձեռք բերելով` Ս. Հարությունյանը տարեվերջին Լեռնապատի ռիոլիտների հանքավայրի պաշարները հաստատման էր ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Բայց փետրվար ամսին Լեռնապատի բնակիչ Գևորգ Մելքոնյանը բողոքով դիմել էր նախարարություն, և արդյունքում «Կարատ» ՍՊԸ-ն զրկվել էր հանքարդյունահանման լիցենզիայից: Ընկերության գործունեության վերաբերյալ վարույթ հարուցվել: Ներկայումս գործը գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեիի քննչական վարչությունում:

Գյուղապետ Վ. Եղիազարյանի ասելով` ինքը որևէ առնչություն չի ունեցել ընկերության կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների հետ: Սակայն գյուղապետի` 2010 թվականի ապրիլի 21-ի գրության պատճենից պարզ է դառնում, որ Սամվել Հարությունյանը վարձակալությամբ տրամադրված արոտավայրում հետախուզական աշխատանք է իրականացրել «համաձայն իր դիմումի»: Այն հաստատվել է համայնքի ավագանու կողմից:

«Կարատ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանը դատարանում տված ցուցմունքով հաստատել է, որ Լեռնապատում վարձակալել է 20 հա հողատարածք, որը, ըստ նպատակային նշանակության, եղել է արոտավայր: Սակայն ինքը նշված տարածքը օգտագործել է բիզնեսի համար:

Գյուղում տիրող նման պայմաններում գյուղի բնակիչ Գ. Մելքոնյանը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել գյուղապետի պաշտոնական գործունեության վերաբերյալ` որպես համայնքի ղեկավարի: Վերջինիս հիմնավորմամբ` գյուղապետը հողամասի վարձակալության պայմանագիր է կնքել Ս. Հարությունյանի հետ, նրան տրամադրել է արոտ այն դեպքում, երբ ընկերությունն ընդհանրապես անասնապահությամբ չի զբաղվել: Այդտեղ կատարվել են պայթեցման աշխատանքներ: Դա էլ Գ. Մելքոնյանին հիմք է տվել ենթադրելու, որ գյուղապետը հանցավոր համաձայնության է եկել ընկերության տնօրենի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter