HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում շարունակվում են կադրային փոփոխությունները

Կադրային փոփոխությունները ԼՂՀ կառավարությունում շարունակվում են: Այսօր վարչապետ Արա Հարությունյանը ստորագրել է որոշումներ, որոնց համաձայն Վալերի Բալայանն ազատվել է կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել «Արցախէներգո» ՓԲԸ-ի տնօրեն: Արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ է նշանակվել Կառլեն Պետրոսյանը` ազատվելով ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից: Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը հանդիպել է վերոնշյալ վարչության նախկին ու նորանշանակ ղեկավարների եւ ստորաբաժանումների պատասխանատուների հետ: Պարզաբանելով նշանակումների իմաստն ու նպատակահարմարությունը` Ա. Հարությունյանը շեշտել է, որ գործադիրը լուրջ բարեփոխումներ է սպասում հատկապես էներգետիկ համակարգից: Անցած երկու տարիներին այդ ոլորտում նկատելի առաջընթաց է արձանագրվել, սակայն ձեռքբերվածը գոհացուցիչ չէ եւ կան մեծ անելիքներ, նշել է նա: Արտադրական ենթակառուցվածքների վարչության նորանշանակ պետ Կ. Պետրոսյանը վարչապետից ցուցում ստացավ` շարունակել բարեփոխումները մյուս` կապի, տրանսպորտի բնագավառներում եւս, ուր նույնպես առաջընթաց տեղաշարժեր կան, սակայն բավարար չեն զարգացման տեմպերը: Այս ամենից կարելի է տարբեր եզրակացություններ անել, սակայն ասվածի ու արվածի մեջ տրամաբանություն դարձյալ չկա, եւ այդպես էլ անհասկանալի է, թե ինչու է փոփոխությունն արվում: Եթե Վալերի Բալայանի օրոք, ինչպես վարչապետն է ասում, նկատելի առաջընթաց է գրանցվել, ապա տրամաբանորեն նրան չպիտի ազատեն այդ պաշտոնից, այլ պետք է հնարավորություն տան շարունակել բարեփոխումները: Իսկ եթե նա իր գործունեության ժամանակ լավ չի աշխատել ու դրա համար են նրան տեղափոխում «Արցախէներգո» ընկերություն, ապա վարչության պետի պաշտոնում պետք է նշանակեն ոլորտից շատ ավելի տեղյակ մի մասնագետի, ով կկարողանա նախորդ պետից ավելի լավ աշխատել: Նման անհասկանալի պահեր` կապված Ղարաբաղում կադրային փոփոխությունների հետ, շատ են լինում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենը միտումնավոր է արվում, որ մարդիկ չհասկանան` ով ով է, կամ ում ինչի համար են ազատում աշխատանքից, այլապես ամեն մի փոփոխության ժամանակ կբացատրեին, թե ինչու են մարդուն պաշտոնից ազատում` լավ աշխատելու համար շնորհակալություն հայտնելու եւ միաժամանակ ազատելու փոխարեն: Սա կարծես թե ավանդույթ է դարձել Ղարաբաղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter