HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամենակարեւոր պաշտոններն զբաղեցնող անձինք իրավունք չունեն ամռանը բացակայել Հայաստանից»

«Բարձրաստիճան պաշտոնատար անձինք, եթե նույնիսկ պետք է գնան արձակուրդ այս ամռանը, ապա պետք է այն լինի կարճաժամկետ եւ ՀՀ-ում»,-այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է ներկաներին: Նա նշել է, որ բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում արձակուրդ վերցնելու համար, ինչը իրեն զարմացնում է. «Բոլորը դիմումը գրում են հենց մեկ ամսով, կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասվում լարված աշխատանք։ Այս մոտեցումն անընդունելի է»։ Վարչապետը խնդրեց դիմումներ չներկայացնել եւ տեղակալներին հայտնել, որ մեկ ամսվա արձակուրդ նրանք այս տարի չեն ստանալու. «Մեր տնտեսական ցուցանիշներն այս տարի բարվոք չեն, եւ 2009թ. ամենածանր տնտեսական տարին է մեր կառավարության համար։ Եվ մենք պետք է աչալուրջ լինենք։ Իհարկե, հասկանալի է, որ տեխնիկական ռեցեսիայի խնդիր էլ կա, այսինքն` տնտեսական անկման բարձր ցուցանիշները, որ մենք այսօր ունենք, պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ անցած տարվա առաջին վեց ամիսներին ունեցել ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշներ եւ այդ ֆոնի վրա մեր անկման ցուցանիշները լինելու են բավականին մեծ»: Վարչապետը կանխատեսեց, որ այս ամառվա սեզոնը ծանր աշխատանքի սեզոն է լինելու կառավարության համար, որովհետեւ ցուցանիշները դեռեւս շարունակում են վատանալ. «Մենք գիտակցում ենք, որ ամենածանր ամիսները լինելու են առաջին ինն ամիսները, տարվա վերջում տնտեսական ցուցանիշները կսկսեն բարելավվել։ Համար մեկ խնդիրը, որ մեր առջեւ կանգնած է, այն է, որ մենք ձեզ հետ միասին բոլորս պետք է օժանդակենք պետական եկամուտների կոմիտեին։ Պետք է գիտակցենք, որ հարկահավաքման խնդիրը միայն պետական եկամուտների կոմիտեի խնդիրը չէ։ Մեր գերատեսչությունները շատ անտարբեր են այս խնդրի հանդեպ, եւ եթե մի որեւիցե ձեռնարկություն, որը գտնվում է այս կամ այն գերատեսչության ենթակայության ներքո, չվճարի հարկերը, դրան շատ հանգիստ են նայում գերատեսչության ղեկավարները։ Սա անընդունելի մոտեցում է»: Վարչապետն առաջարկեց արձանագրային որոշում ընդունել` բոլոր նախարարներն անձամբ իրենք, գերատեսչության ղեկավարները, երեք օրվա ընթացքում վարչապետին ներկայացնեն առաջարկություններ, թե իրենց ոլորտում ինչ լրացուցիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել, որպեսզի հարկահավաքման գործում օգնեն պետական եկամուտների կոմիտեին. «Այդ առումով մեծ ներուժ կա առողջապահության նախարարությունում, որովհետեւ բժշկական հիմնարկություններում դեռեւս հաշվապահական հաշվառման լուրջ խնդիրներ ունենք։ Այդպիսի լուրջ խնդիրներ ունենք գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կան վերամշակող խոշոր ձեռնարկություններ, տրանսպորտի եւ կապի ոլորտում, շինարարության ոլորտում։ Հիմնական տնտեսական անկումը պայմանավորված է շինարարության ոլորտում տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ։ Եվ դա իր բացասական ազդեցությունն է թողնում բոլոր ոլորտների վրա»: Վարչապետը խնդրեց, որպեսզի այս ամառվա սեզոնը բոլորով գնահատեն որպես լարված աշխատանքի ամիսներ. «Մենք իրավունք չունենք տրամադրվելու, որ կառավարության համար սկսվում է ամառային սեզոն, հանգստի սեզոն։ Ոչ, մեզ համար սկսվում է ամենածանր աշխատանքը, եւ եթե մենք կարողանանք այս ամռանը լավ աշխատել, ապա տարվա վերջում դրա արդյունքը կտեսնենք։ Դրա համար, հարգելի գործընկերներ, այս ազդակները հաղորդեք նաեւ ձեր տեղակալներին, ձեր վարչության պետերին։ Ամենակարեւոր պաշտոններն զբաղեցնող անձինք իրավունք չունեն ամռանը բացակայել Հայաստանից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter