«Քաղաքացիական հասարակությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով համաժողով` Ղարաբաղում
«Չարաշահումների եւ կաշառակերության դեմ պայքարը բնորոշ է գրեթե բոլոր պետություններին։ Սակայն այն առանձնակի հնչեղություն է ստանում հատկապես մեր պետության համար, որը շարունակում է ապրել ադրբեջանա-ղարաբաղյան դեռեւս չկարգավորված հակամարտության իրողություններում: Արդարադատության, սեփական ուժերի ու ապագայի հանդեպ մարդկանց վստահությունը խաթարող ցանկացած բացասական երեւույթ մեր պարագայում ուղղակի սպառնալիք է պետության անվտանգությանը»,- այս միտքն է իր ելույթի ժամանակ այսօր արտահայտել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքացիական հասարակությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով համաժողովի ժամանակ:
Տեղեկացնենք, որ համաժողովին, բացի Ղարաբաղի օրենսդիր, գործադիր, դատական մարմինների եւ այլ կառույցների ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, դատական մարմինների մի շարք անդամներ:
Նախագահը խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, շեշտել է. «Այսօր կարող ենք արձանագրել, որ իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում զգալիորեն բարելավվել է իրավիճակը հանրապետության դատական եւ իրավապահ համակարգերում, էական փոփոխություններ են տեղի ունեցել սոցիալական եւ կրթության ոլորտներում, բուհական ընդունելության քննությունների կազմակերպման ու անցկացման գործում։ Որոշակի տեղաշարժեր կան նաեւ առողջապահության ոլորտում»: Երկրի ղեկավարը միաժամանակ ավելացրել է, որ այդ պայքարում սկզբունքային դիրքորոշում պետք է որդեգրի նաեւ հասարակությունը։
Հասարակության դերի մասին խոսել են նաեւ համաժողովի մյուս մասնակիցները, ովքեր կարեւորել են իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
«Նշված մարմինները պետք է հնարավորինս թափանցիկ աշխատեն եւ հասարակությանը տեղեկացնեն իրենց գործունեության եւ աշխատանքների արդյունքների մասին: Իսկ նրանց ամենախիստ դատավորները պետք է լինեն շարքային քաղաքացիները,-այս կարծիքն է արտահայտել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա նաեւ անդրադարձել է լրատվամիջոցների հետ համագործակցության անհրաժեշտությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել