HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց լեզվի ուղղագրության ստուգման ծրագրի թերությունը 3 տոկոս է

«Armenian PowerSpell 2009»-ը (Հայոց լեզվի ուղղագրության ստուգման ծրագիր) ծրագիրը 97 տոկոս հայոց լեզվի ծածկույթ է ապահովում: Այսինքն` ծրագիրը ճանաչում է հայոց լեզվի մեջ կիրառվող բառերի 97 տոկոսը: Այն ստուգում է ուղղագրության օրենքները, պարզագույն քերականական ու կետադրական, շարահյուսական սխալները և այլն: «Armenian PowerSpell 2009»-ն իր մեջ ներառում է նաև հապավումների բառարան, գտնում է ոչ հայկական բառերը և հնարավորություն տալիս փոխարինել դրանք հայերեն տարբերակով: DigiTec Business 2009 ֆորումին այսօր «Պարթև-Պապյան» ՍՊԸ-ի դիստրիբյուտոր, Հայոց լեզվի ուղղագրության ստուգման ծրագրի հեղինակ Արման Բոշյանը ներկայացրեց իր իսկ մշակած «Armenian PowerSpell 2009»-ը: «Մենք գործ ունենք աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկի` հայոց լեզվի հետ: Այստեղ միայն բայի կիրառման ձևերն այնքան շատ են, որ ծրագիրը միայն բառարանով չի աշխատում, այլ վերլուծում է կատարում ըստ բառի կիրառման ձևի»,-«Հետքի» հետ զրույցում նշեց ծրագրի հեղինակը: Ծրագրի բացթողումը «երեք տոկոսն է», այսինքն` երբ այն ճիշտ բառը չի ճանաչում, իսկ այդ դեպքում բաժանորդը պարտավորվում է տվյալ բառն ավելացնել բառարանի մեջ, որպեսզի այն հաջորդ անգամ ճանաչի: «Armenian PowerSpell»-ը 9 տարվա պատմություն ունի: Նախահայրը եղել է «ArmOrfo»-ն, հետո` Armenian PowerSpell 2005-ը, իսկ լիարժեք տարբերակ դարձել է 2009-ին: Այն կարելի է համեմատել «RusOrfo» ծրագրի հետ: Այս ծրագրի առաջին տարբերակը հենց այդպես էլ կոչվել է` «ArmOrfo»: Ծրագիրը մինչ 2009թ-ը անօրինական տարածում է ունեցել, որը խոչնդոտել է ծրագրի լիարժեք զարգացմանը: Հեղինակային իրավունքի մասին օրենքի կիրառմամբ` այն կարողացավ լիարժեք գործել: Ծրագրի նոր` լիցենզավորված տարբերակը վաճառքի մեջ է այս տարվա մարտի 1-ից և մինչ այժմ բաժանորդների քանակը հասել է մոտ 300-ի: Այն առավել գործածական է պետական հիմնարկներում: Ծրագրին բաժանորդագրվել է Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը, դատարանները, մասնավոր հիմնարկները, հրատարակչությունները, նոտարական գրասենյակները, իրավաբանական ընկերություններ և այլն: Ծրագրին բաժանորդագրվելու գումարը տարեկան 9000 դրամ է: «Մենք սկզբում հաշվարկել էինք, որ ծրագիրը պետք է արժենա 35 հազար դրամ, որովհետև ծախսերը, թիմ պահելն ու այդ հսկայական աշխատանքն այդքան էր կազմում, բայց հետո եկանք այն եզրակացության, որ այն հասանելի չի լինի և որոշեցինք դարձնել տարեկան 9000 դրամ, որ հասանելի դառնա բոլորին»,-պարզաբանեց Արման Բոշյանը: Ծրագրի ապօրինի շահագործման դեպքում ընկերությունը զգուշացնում է, սակայն եթե զգուշացումը դեր չունենա, ընկերությունը կդիմի դատարան և կպահանջի 900 հազար տուգանք: «Փաստորեն մեզ համար չարտոնագրված օրինակն ավելի լավ է ու ձեռնտու, քան արտոնագրվածը»,-կատակում է ծրագրի հեղինակը և նշում, որ չարտոնագրված տարբերակները գրեթե ամեն տեղ օգտագործվում են: Ապօրինի օգտագործման երկու դեպք արդեն գրանցել են: Հնարավոր է դատարանի միջոցով ծրագրի օգտագործումը դադարեցվի և օգտագործողները տուգանք վճարեն: Սակայն այդ երկու օգտագործողներն արդեն կապվել են ընկերության հետ և պատրաստակամություն հայտնել գնել ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter