HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեներալի որդին զավթել է քաղաքացու սեփականությունը

Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունի քաղաքի նստավայրում պետք է լսվեր Պավել Բաղմանյանին պատկանող «Պավել եւ Ընկերներ» ՍՊԸ-ի հայցն` ընդդեմ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի` սեփականության իրավունքը ճանաչելու եւ պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին: Պավել Բաղմանյանը գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի որդին է:

Գործի լսումը հետաձգվեց մինչեւ հունիսի 26-ը, քանի որ նման միջնորդությամբ դատարան էր դիմել հայցվոր կողմը: Ըստ «Պավել եւ Ընկերներ» ՍՊԸ-ի հայցադիմումի` 2007 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի եւ Պավել Բաղմանյանի միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` վերջինս իր միջոցներով Թ. Բաղդասարյանին պատկանող տարածքում պետք է կառուցեր ավտոգազալիցքավորման ճնշակայան (ԱԳԼՃԿ), իսկ պատասխանողը դրանով զբաղեցված ու դրա սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասը պետք է վարձի դիմաց հանձներ նրա օգտագործմանը: «Քանի որ հայցվոր կազմակերպությունն այդ ժամանակահատվածում դեռեւս ստեղծված չէր, պատասխանող ընկերության տնօրենը հանձն է առել փաստաթղթերի ձեռք բերման հարցում օժանդակել հայցվոր կողմին, իսկ Պավել Բաղմանյանը նախաձեռնել է հայցվոր ընկերության հիմնադրումը: Պավել Բաղմանյանն է գնել բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը, կազմակերպել կառուցման աշխատանքները, իսկ դրանց ավարտից հետո կազմել համապատասխան փաստաթղթեր` ծախսելով շուրջ 85 միլիոն դրամ: Նշված պայմանավորվածության հիմքով հայցվոր եւ պատասխանող կազմակերպությունների միջեւ 2008 թվականի փետրվարի 1-ին կնքվել է վարձակալության պայմանագիր, որով վերջինիս պատկանող ԳԵ 5093 հաշվարքի սարքը, մալուխն ու եռաֆազ հաշվիչը վարձակալության է հանձնել հայցվորին»,- նշված է «Պավել եւ Ընկերներ» ՍՊԸ-ի հայցադիմումում: Հայցվոր կողմը հայցադիմումում նշել է նաեւ, որ հարկ է կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 48 հոդվածի 3-րդ մասը, ըստ որի` պետության եւ համայնքների սեփականության հողամասերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավելի ժամկետով: Տվյալ հողամասի վարձակալության ժամկետը պետք է սահմանել 99 տարի, քանի որ այդ հողամասը պետությունից կամ համայնքից անցել է պատասխանողին անհատույց կարգով, եւ վերջինս դրա կադաստրային արժեքը չի վճարել, ուստի ՀՀ հողային օրենսգրքի 48 հոդվածի 3-րդ մասի պահանջը չպահպանելը կարող է հանգեցնել պետության կամ համայնքի իրավունքի խախտմանը: Թե ինչու՞ է Պավել Բաղմանյանն այդքան մտահոգ համայնքի կամ պետության շահերով` հասկանալի է, քանի որ այս դեպքում դա բխում է իր շահերից: Առաջ անցնելով` նշենք, որ պետության մասին մտածող Պավել Բաղմանյանը մինչ օրս վիճարկելի տարածքում գործող գազալցակայանը շահագործում է առանց ՀԴՄ-ի, ինչը նշանակում է իրական եկամուտները թաքցնել հարկային մարմիններից (Տես հոդվածը` Գեներալ Հայկազ Բաղմանյանի որդու գազալցակայանն աշխատում է առանց հաշվիչ դրամարկղային մեքենայի): Ապրիլի 22-ի մեր հրապարակումից մինչ օրս պետական կառույցները ոչ մի քայլ չեն ձեռնարկել գեներալի որդուն օրենքի դաշտ բերելու համար: Անշուշտ, Պավել Բաղմանյանի ցանկության դեպքում նույնիսկ չի կարող տեղադրվել ՀԴՄ, քանի որ տարածքը, բոլոր փաստաթղթերը, թույլտվությունները տրված են տարածքի սեփականատեր Թաթուլ Բաղդասարյանի անունով, իսկ «Պավել եւ Ընկերներ» ՍՊԸ-ն, թեեւ ինչ-որ հարկատեսակներ վճարում է, սակայն տարածքը զբաղեցրել է ապօրինի: ՍՊԸ-ն դատարանից հայցել է ճանաչել «Պավել եւ Ընկերների» սեփականության իրավունքը` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գտնվող վերջինիս միջոցներով կառուցված ավտոգազալիցքավորման ճնշակայանի նկատմամբ: Բացի դա, պահանջել է «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենին հարկադրել իր միջոցներով ձեռք բերել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, գալ նոտարական գրասենյակ եւ «Պավել եւ Ընկերներ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր, որով 99 տարով «Պավել եւ Ընկերներ» ՍՊԸ-ի տիրապետմանն ու օգտագործմանը պետք է հանձնվի ԱԳԼՃԿ-ի զբաղեցրած եւ դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 6000 քմ մակերեսով հողամասը: Այստեղ էլ պատահական չէ, որ Պավել Բաղմանյանը հայցադիմումում իրար հակասող տեղեկություններ է ներառել` մի դեպքում տարածքի սեփականատեր ճանաչելով Թ. Բաղդասարյանին, մյուս դեպքում` համայնքին կամ պետությանը: Բանն այն է, որ գեներալի որդուն աջակցում է Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Նա ամեն ինչ անում է, որ գազալցակայանի հողը ճանաչվի համայնքային սեփականություն, որպեսզի կարողանա այն հատկացնել Պավել Բաղմանյանին: 22_06-gas-1Նշենք, որ պանրագործարանին պատկանում է Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գտնվող 6 հա հողատարածքը` բոլոր շենք-շինություններով, որից 3.7 հեկտարը սեփականության իրավունքով, իսկ 2.3 հեկտարը` վարձակալական: Դա է վկայում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային կոմիտեի` 30.10.2003 թվականին տված անշարժ գույքի սեփականության վկայականը: Սակայն, անհասկանալի պատճառներով, ստորաբաժանման գրանցամատյաններում չի գրանցվել 3.7 հեկտար սեփականությունը: Հենց այդ տարածքում է հայտնվել գազալցակայանը, եւ Պավել Բաղմանյանը հույս ունի քաղաքապետարանի եւ կադաստրի օգնութամբ ձեռք բերել այդ տարածքը: Այն, որ ապօրինություն է կատարվել, չեն թաքցնում ինչպես Մարտունու քաղաքապետարանում, այնպես էլ կադաստրի ստորաբաժանումում, սակայն ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվում այն բանի համար, որ սեփականության վկայականում գրված է մեկ բան, իսկ կադաստրում` բոլորովին այլ բան: Տեղեկացնենք նաեւ, որ պանրագործարանին տրված սեփականության վկայականի մեջ նշված է, որ «3.7 հեկտարը հատկացվել է ՀՀ 04.10.05 թվականի համար 199-Ն օրենքի 23 հոդվածի համաձայն»: Կադաստրի Մարտունու ստորաբաժանման պետ Վրույր Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ, իրոք, հակասություն կա, քանի որ կեղծիքն ակնհայտ է, սակայն փաստեց, որ ինքն այս պաշտոնում նոր է, իսկ վկայականը տրամադրվել է նախորդ պետի պաշտոնավարման ժամանակ: «Արխիվում պահպանված է միայն 2.3 հեկտարը, իսկ ընդհանուր 6 հեկտարի մասին տեղեկություն չունեմ»,- ավելացրեց Վ. Վարդանյանը: Պարզաբանումներ տալու համար նա իր մոտ հրավիրեց գրանցման բաժնի պետ Ռազմիկ Կարապետյանին: Բաժնի պետը սկզբում պատրաստակամություն հայտնեց պատասխանել մեր հարցերին, սակայն երբ հարցը լսեց, միանգամից բորբոքվեց ու սկսեց վիճել: «Դու ո՞վ ես, որ մի հատ էլ ինձ ձայնագրում ես, դե հել ու ստեղից գնա: Հլա սրան նայի, երեկվա երեխեն ա, եկել ինձ ձայնագրում ա»,- գոռգոռալով ասաց գրանցման բաժնի պետն ու անմիջապես հեռացավ աշխատասենյակից: Այս ամենը կատարվեց Վրույր Վարդանյանի աշխատասենյակում: Երբ պետի աշխատասենյակից դուրս եկանք, աշխատակիցները փոխանցեցին, որ Ռ. Կարապետյանն իր սենյակի դռները փակել ու հեռացել է` առանց որեւէ բան ասելու: Մեր ձեռքի տակ է նաեւ Վ. Վարդանյանի կողմից 27.05.2009 թվականին «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցչին տրված գրության պատճենը, որն ակնհայտ մոլորեցնող տեղեկություններ է պարունակում: Մեջբերում ենք. «Ի պատասխան ձեր բանավոր հարցմանը, հայտնում ենք, որ Աբովյան փողոց թիվ 1 հասցեում գտնվող տարածքը ընդամենը կազմում է 6 հեկտար, որից պանրագործարանինը` պարիսպը ներառյալ շինություններով, կազմում է 2.3 հա, որը ստացել է պետական գրանցում, մնացած 3.7 հա-ից 0.64 հա տարածքը զբաղեցրել է «Պավել եւ Ընկերներ» ԲԲԸ-ն` կառուցելով գազալցակայան, իսկ 3.06 հա տարածքը տարիներ շարունակ զբաղեցրել են սահմանակից սեփականատերերը»: Գրված է նաեւ, որ 0.64 հա ներկա պահին հանդիսանում է համայնքային սեփականություն: Պարոն Վարդանյանը դիտավորյալ ուղղորդված գրություն է տվել, քանի որ նա գիտեր, որ այն օգտագործվելու է դատարանում` ընդդեմ պանրագործարանի սեփականատիրոջ: Բանն այն է, որ համայնքի հաշվեկշռում այդ տարածքից նույնիսկ 1 քմ հող չկա, եւ տարիներ շարունակ այն տնօրինել է պանրագործարանի տնօրինությունը` վճարելով հարկերը: Ինչ վերաբերում է նրան, որ գազալցակայանը կառուցել է «Պավել եւ Ընկերներ» ՍՊԸ-ն, ապա պետական կառույցն իրավունք չուներ նման գրություն տալու, քանի որ որեւէ ապացույց կամ պայմանագիր չկա, որ գազալցակայանը նրանց է պատկանում: Կադաստրի պետը նաեւ կեղծ տեղեկություն է տվել, թե իբր տարիներ շարունակ 3.06 հա հողատարածքը զբաղեցրել են սահմանակից հարեւանները: «Մեզ բանավոր ինֆորմացիան այդպես է հասել, եկեք գնանք մարդկանց հարցնենք, տեսեք, որ գազալցակայանը ՍՊԸ-ն է կառուցել»,- ասաց Վ. Վարդանյանը: Փաստորեն, պետական պաշտոնյան փաստաթուղթ է տվել` հենվելով փողոցում շրջանառվող լուրերի վրա: Իրականում վիճարկվող տարածքում` քարե պարիսպներից դուրս են գտնվում պանրագործարանին պատկանող բազմաթիվ շենք- շինություններ, ինչը համայնքային սեփականություն լինել չէր կարող: Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Խաչիկ Խլղաթյանն էլ «Հետքին» փոխանցեց, որ Թաթուլ Բաղդասարյանը հենց սկզբում դիմել է քաղաքապետարան` շինարարության թույլտվություն ստանալու համար, այն դեպքում, երբ շինարարությունը մինչեւ այդ էլ սկսված է եղել: «Դրա հիման վրա ստացել է առաջադրանք, գործընթացը ո՞ր փուլում է կանգնել եւ ինչի՞ է կանգնել` անհայտ է: Թաթուլ Բաղդասարյանի ասելով` առանց շինարարական թույլտվության իր տարածքում շարունակվել են շինարարական գործողություններ: Հետագայում ինչ-ինչ պատճառներով, երբ հակասություն է առաջացել, մարդն ասում է` եկեք ինձ օգնեք, ապօրինի շինարարություն է կատարվում, կասեցրեք: Մենք իրեն ասում ենք` եթե ձեր տարածքում գնում է ինքնակամ շինարարություն, ուրեմն մենք ձեզ կօգնենք, եթե սկսեք օրինականացման գործընթացը: Ինքը դիմել է թույլտվություն ստանալու խնդրանքով, երբ պետք է պատրաստեր ստացած առաջադրանքի հիման վրա նախագծահաշվային փաստաթղթեր, բայց արդեն շինարարությունը սկսված է եղել, եւ խախտվել է օրենքի կետը, շինությունը դարձել է ինքնակամ»: Նա նշեց, որ, իրոք, անելիք ունեն, բայց քանի որ Թ. Բաղդասարյանն է քարը գցել փոսը, ինքն էլ պետք է հարցը լուծի` թեկուզ դիմելով ոստիկանություն կամ դատախազություն: Պարոն Խլղաթյանը խոստովանեց, որ «Պավել եւ Ընկերներ» ՍՊԸ-ն երբեւէ իրենց չի դիմել գազալցակայան կառուցելու կամ թույլտվություն ստանալու խնդրանքով: Թեեւ քաղաքապետարանի պաշտոնյան խուսափեց անդրադառնալ մեկ այլ գրության, նշենք, որ երբ քաղաքապետը գրավոր դիմել է Թ. Բաղդասարյանին գազալցակայանն օրինականացնելու համար, 29.08.08 թ. գրությամբ սեփականատերը դիմել է քաղաքապետին` այն օրինականացնելու խնդրանքով, սակայն մինչ օրս սեփականատիրոջ դիմումին քաղաքապետն ընթացք չի տվել: Անդրադառնալով հայցադիմումին` ասենք, որ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ն հայցի դեմ բերված իր առարկությունում նշել է, որ հայցն իրավական առումով անհիմն է, քանի որ անշարժ գույքի նկատմամբ կատարված ցանկացած գործարք ենթակա է նոտարական վավերացման, իսկ գործարքի արդյունքում իրավունքը կարող է ծագել միայն իրավունքի պետական գրանցումից հետո: «Եթե նույնիսկ մեր միջեւ բանավոր պայմանավորվածություն լիներ հողամասի վարձակալության մասին, ինչպես պնդում է հայցվորը, ապա միեւնույն է, այդ գործարքն անվավեր էր»,- նշված է Թաթուլ Բաղդասարյանի պատասխանում: Նշենք, որ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, այլ կերպ ասած` նման գործարքն առոչինչ է: Ինչ վերաբերում է ԳԵ 5093 հաշվարքի սարքը, մալուխն ու եռաֆազ հաշվիչը վարձակալության հանձնելուն, ապա, ըստ Թաթուլ Բաղդասարյանի, պայմանագիրը կնքվել է մեկ նպատակով` ստիպել վարձակալին վճարելու իր կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի համար, եւ համագործակցության հետագա շարունակման նպատակ չի հետապնդել: Նրա ասելով` այդ է վկայում այն, որ պայմանագիրը կնքվել է ընդամենը 4 ամսով, ավելին` 1-ին մասում հստակ սահմանված է, որ վարձակալը իրեն տրամադրած գույքը պարտավորվում է օգտագործել օրենքով չարգելված գործունեություն կատարելու համար, ինչը չի արվել: Պայմանագրով նախատեսված վարձավճարը երբեւէ չի վճարվել վարձակալի կողմից, իսկ ընկերությունն այն չի պահանջել: Անդրադարձ կատարելով Պավել Բաղմանյանի պահանջին, այն է` «Պավել եւ Ընկերներ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր, որով 99 տարով «Պավել եւ Ընկերներ» ՍՊԸ-ի տիրապետմանն ու օգտագործմանը պետք է հանձնվի ԱԳԼՃԿ-ի զբաղեցրած եւ դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 6000 քմ մակերեսով հողամասը, Թ. Բաղդասարյանն ասաց. «Այս դեպքում պատշաճ գործարքի մասին խոսք լինել չի կարող, եւ որեւէ օրենք այս հարաբերություններում չի պարտադրում «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին հայցվորի հետ կնքել պայմանագիր, քանի որ մեր կողմից չի կատարվել օրենքով սահմանված որեւէ քայլ, որը նրան կդարձներ պայմանագիր կնքելուց խուսափող կողմ: Ընկերությունը` որպես գույքի սեփականատեր, այն չի տրամադրել հայցվորին, նրա հետ որեւէ պայմանագիր հողի վարձակալության վերաբերյալ չի կնքել, այլ օրը ցերեկով նրա կողմից հողամասն ինքնակամ զավթվել է եւ անօրինական կարգով օգտագործվել»: Նշենք, որ պանրագործարանն իրեն պատկանող այս հողամասի վրա ԱԳԼՃԿ կառուցելու համար ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` ճարտարապետահատակագծային առաջադրանքը եւ այդ իրավունքը սահմանող մյուս փաստաթղթերը, այլ կերպ ասած` հողի կառուցապատման իրավունքն ընկերությունը ոչ մեկին զիջելու կամ տալու ցանկություն չի ունեցել եւ, տնօրենի ասելով, այժմ էլ չունեն: Ինչ վերաբերում է Պավել Բաղմանյանի հետ պայմանավորվածությանը, ապա, ըստ Թաթուլ Բաղդասարյանի, դա եղել է ԱԳԼՃԿ-ն համատեղ շահագործելուն եւ շահույթն ընկերությունների միջեւ տոկոսային հարաբերությամբ բաշխելուն: «Պավել Բաղմանյանի կողմից 85 միլիոն դրամի ներդրման կատարման փաստը եւս մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը: Չի ներկայացվել դրանց կատարումը հիմնավորող որեւէ ապացույց, ավելին` որպես իր կողմից կատարված ծախս է ներկայացրել մեր ընկերության միջոցներով ձեռք բերված եւ ընկերության սեփականությունը հանդիսացող մի շարք սարքավորումներ եւ այլ միջոցներ»,- ավելացրեց Թաթուլ Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter