ՀԿՀ-ի կոչն իրավապահներին. անտեսել «տմարդի» հրամանները
«Իրագործելով Ջավախքը հայաթափելու պետական ծրագիր, Վրաստանի իշխանությունները 2008 թվականին ձերբակալեցին «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանին և ապօրինի մեղադրանքով դատապարտեցին 10, իսկ Գուրգեն Շիրինյանցին հեռակա` 17 տարվա ազատազրկման:
Գուրգեն Շիրինյանցին Վրաստանի բռնապետ Սահակաշվիլիի կամակատարները չկարողացան ձերբակալել և նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Ըմբոստ և վճռական կեցվածքով այդ երիտասարդները և նրանց ընկերները, պայքարում են Ջավախքում բնակվող հայերի արժանապատիվ կյանքի համար: Նրանք մարմնացումն են ազատատենչ և ոգեղեն Հայ մարտիկի:
Այն, որ Հայաստանի Հանրապետության իշխող վարչախումբը ազգային-պետական շահերը պարբերաբար ստորադասում և զոհաբերում է անձնական-հատվածական շահերին, որևէ մեկի համար այլևս զարմանալի չէ: Սակայն անբարոյականությունը նրանց համար այլևս սահմաններ չի ճանաչում:
Նույն տերերին ծառայող Հայաստանի և Վրաստանի նախագահների պաշտոնները զբաղեցնող անձիք, որոնք չեն վայելում ժողովրդի վստահությունը, սերն ու հարգանքը, հունիսի 24-ին պետք է հանդիպեն Երևանում:
Սերժ Սարգսյանին հրաշալի առիթ է ընձեռվել, մեկ անգամ ևս իր իշխանությունը երկարաձգելու նպատակով, քծնանքի միջոցով սիրաշահելու Սահակաշվիլիին և նրա արևմտյան տերերին: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել Վրաստանում փնտրվող Գուրգեն Շիրինյանցին:
Որևէ կասկած չպետք է ունենալ այս ռեժիմի այլասերվածության մասին, քանի որ Գուրգեն Շիրինյանցին հայտնաբերելով, նրան կհանձնեն Վրաստանի իշխանություններին: Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման կեցվածքը, և կոչ ենք անում իրավապահ համակարգին անտեսել ազգադավ և տմարդի հրամանի կատարումը»:
«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել