
«Ռեժիմը ուներ շանս, բոլորին ազատելու միջոցով, ազգային հաշտեցման գործընթացի հիմքեր դնելու եւ սկսելու երկխոսություն ընդդիմության հետ, հասարակության հետ: Սակայն ռեժիմի գործողությունները ցույց տվեցին, որ այն չի ղեկավարվում քաղաքական մթնոլորտի լիցքաթափմամբ, ազգային կոնսոլիդացիայի նկատառումներով, այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը կապել է բացառապես, եւ կատարել է բացառապես Եվրոպայի Խորհրդի պատժամիջոցներից խուսափելու նպատակով»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ ազատվել է ուղիղ այնքան մարդ, որքան պետք էր պատժամիջոցներից խուսափելու համար. «Մեզ համար չեն կարող բավարար լինել այս քայլերը եւ մինչեւ անխտիր բոլորը չազատվեն, ավելին` մինչեւ 6 այն անձերի նկատմամբ, որոնք այսօր գտնվում են հետախուզման մեջ, չդադարեցնեն քրեական հետապնդման պրոցեսը, մենք համարելու ենք, որ ռեժիմը շարունակում է պատերազմել սեփական ժողովրդի դեմ: Եվ դիմելու ենք ադեկվատ գործողությունների»:
Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է պայքարը, իսկ Զուրաբյանը համոզված է, որ հակաժողովրդական ռեժիմի դեմ պայքարը ավելի է հզորանալու, քանի որ «Սերժ Սարգսյանը կարող էր, այնպիսի «համաներում» իրականացնել, որով միայն կխորացներ ատելությունը ռեժիմի նկատմամբ»:
Շարունակվող պայքարի քայլերից մեկն էլ կարող է դառնալ այլընտրանքային փաստահավաք խմբի ստեղծումը, քանի որ ընդդիմությունը բազմաթիվ փաստեր ունի: Օրինակ, որ «950 հանդերձանք մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տրվել էին 9 օլիգարխի եւ բարձրաստիճան պաշտոնյայի սափրագլուխներին` անկարգությունները կազմակերպելու: Մենք այդ ինֆորմացիան տրամադրել էինք եւ փաստաթուղթ էնք տրամադրել: Այդ փաստաթղթում նշված չէր, թե որ զորամասից էին այդ հանդերձանքը տրված, այնուամենայնիվ, դա էլ տրամադրվեց փաստահավաք խմբին, եւ փաստահավաք խումբը այց կազմակերպեց այդ զորամաս: Բայց պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական ներխուժման պատճառով, փաստորեն, փաստահավաք խմբին արգելվեց անցկացնել ստուգումներ այդ զորամասում»:
Ըստ Զուրաբյանի` Փաստահավաք խումբը շատ ինտենսիվ է աշխատել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել