
Հուլիսի 4-ին կկայանա գրողների միության 15-րդ համագումարը, որի ընթացքում էլ փակ քվեարկությամբ կընտրվեն միության նախագահն ու վարչության անդամները: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` նախագահի պաշտոնին բացի Լեւոն Անանյանից հավակնում են նաեւ Աբգար Ափինյանն ու Ռազմիկ Դավոյանը:
«Աբգար Ափինյանը վարչության միաձայն որոշմամբ հեռացվել է, ո՞նց կարող է մարդը գրողների միության անդամ չլինի եւ չմասնակցի համագումարին ու հանկարծ ընտրվի նախագահ: Չնայած` դա նրա դարավոր բաղձանքն է: Աբգար Ափինյանը գրողների միության նախագահ ընտրվելու այնքան իրավունք ունի, ինչքան այս փակուղու հավաքարարը»,-այսօր Ուրբաթ ակումբում գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը բացառեց Աբգար Հովհաննիսյանի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է Ռազմիկ Դավոյանին, ապա Անանյանը նշեց, որ ինքը այդքան հոռետես չէ, ուստի նրա հետ համագործակցության ծրագրեր չի մշակում:
Մինչ հուլիսի 4-ը դեռ ժամանակ կա, ուստի Անանյանը չբացառեց, որ հնարավոր է մթնոլորտը շիկանա, կրքերն էլ բորբոքվեն. «Այժմ մթնոլորտը աշխատանքային է: Սակայն պետք է հասկանալ, որ կա գրողների միության ներսում տիրող մթնոլորտ եւ արտագրողական մթնոլորտ, որը արհեստականորեն 2 տարի է շիկացվում է, բայց այդ շիկացումը տեղի է ունենում ընդդիմության ներսում»:
Ընդդիմության հետ գրողների միության իշխանությունը գաղափարական որեւէ տարաձայնություն չունի. «Ինչ գաղափարական տարաձայնություն կարող է լինել, որ արդեն 8 տարի է ես նախագահ եմ ընտրվել, աշխատում է ամեն շաբաթ քարտուղարությունը, ամեն ամիս հավաքվում է նախագահությունը, բոլոր կառույցները աշխատում են լարված: Եթե դուք սեւ ակնոց չդնեք, պետք է ասեք, որ քնած վիճակում չէ գրողների միությունը»:
Լարվածությունը, ըստ Անանյանի, ֆինանսավորվում է, սակայն. «Կուզենայի, որ բոլոր այն կարծիքները, որ հենվում են այս կամ այն օլիգարխի քինախնդրության վրա, որի դրամաքսակից օգտվում են այսպես կոչված ընդդիմադիրները, որ իրական հիմք չունենան»:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Անանյանը այնուամենայնիվ վստահ է, որ գրողների միության 400 անդամները ազնիվ, անկաշառ, առանց թելադրանքների ընտրություն կանեն. «Պիտի դիմակայենք բոլոր փորձություններին, որոնք մեզ սպասում են: Գրական հասարակությունը տեսել է եւ Ռազմիկին, եւ աբգարներին, եւ Լեւոնին այդ աշխատանքի մեջ, ոչ մեկս լուսնից չենք իջել պարաշյուտով»:
Անանյանը վստահ է, որ երբ սպառվում են բոլոր ազնիվ միջոցները, մնում է «սկանդալ, սենսացիա սարքես, որ հետո նորից առիթ ունենաս վարձու մամուլի շնորհիվ գզվռտոց սարքել»: Այժմ, ըստ նախագահի, մենք հավակնում ենք ստոր միջոցների կիրառման ցուցանիշով գրանցվել Գինեսի գրքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել