
Հոկտեմբերի 3-6-ը Երեւանում կանցկացվի նոր կինոփառատոն: ReAnimania կոչվող փառատոնը պատրաստվում է իր շուրջը համախմբել հայ եւ օտարազգի անիմատորներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին նշեց, որ անիմացիոն փառատոնի հիմնական նպատակը Հայաստանում անիմացիոն կինոասպարեզն առաջ տանելն ու զարգացնելն է: Փառատոնը զուտ ֆիլմերի ցուցադրությամբ չի սահմանափակվելու:

«Այս կինոփառատոնը անիմացիոն կինոյի համար նոր խթան կլինի: Առաջին հերթին մենք կարեւորում ենք միջազգային մի քանի ֆեստիվալների հետ համագործակցությունը»,-ասաց Վրեժ Քասունին:
Փառատոնի օրերին միջազգային տարբեր անիմատորներ կանցկացնեն վարպետության դասընթացներ: Փառատոնի Պատվո խորհրդում ընդգրկված են հայտնի անիմատոր Ռոբերտ Սահակյանցը, «Ոսկե Ծիրան»-ի նախագահ Հարություն Խաչատրյանը, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ Ֆրանսիայի Պատկերապատման փառատոնի հիմանդիր Ժան Մարդիկյանը:
ReAnimania- ն համագործակցում է Անսի Միջազգային անիմացիոն փառատոնի հետ:
«Այս համագործակցությունը երկարատեւ է լինելու: Եվ մեզ տրամադրվելու է վերջին տարիների լավագույն միջազգային ֆիլմերը, ինչն իրոք մեծ անունների հետ է կապված»,- ասաց Վրեժ Քասունին:

Փառատոնի ծրագրերի պատասխանատու Արծվի Բախչինյանն ասաց, որ ինչպես ցանկացած մեծ փառատոն, ReAnimania-ն նույնպես ունի բազմազան ծրագիր:
«Լինելու է մրցութային, արտամրցութային պրեմիերաներ,մանկական, հետահայաց ցուցադրումներ, ինչպես նաեւ ուսանողական դիպլոմային աշխատանքների ցուցադրություններ»,- ասաց Ա. Բախչինյանը:
Փառատոնին մասնակցելու դիմումները ընդունվում են մինչեւ օգոստոսի 10-ը: Դիմումները կարելի է լրացնել փառատոնի կայքում` www.reanimania.com:
Վրեժ Քասունին տեղեկացրեց, որ արդեն ներկայացվել են 15 դիմում արտասահմանից եւ 3 դիմում Հայաստանից:
«Փառատոնին կմասնակցեն հայ այնպիսի անիմատորներ, ով այստեղ հայտնի չէ, սակայն հայտնի է արտերկրում: Այս տարի փառատոնը տոնակատարության կնմանվի: Երեւանում ինչքան շատ տոն լինի, այդքան լավ»,-ասաց Վրեժ Քասունին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել