
Գրողների միության վաղվա համագումարում ընտրվելու է Գրողների միության նախագահ: Այդ պաշտոնի համար պայքարելու են Լեւոն Անանյանը եւ Ռազմիկ Դավոյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպել են երիտասարդ ստեղծագործողներ եւ բանավիճել միության պաշտոնին առավել նախընտրելի թեկնածուների շուրջ:
Բանաստեղծ Վահե Արսենն ասաց, որ գրողի համար պետք է կարեւոր չլինի, թե ով է Գրողների միության նախագահը: «Գրողը այս քաղաքական գզվռտոցների մեջ ուղղակի պետք է չլինի: Եւ եթե միության անդամ է, թող իր կարծիքն արտահայտի իր քվեի միջոցով: Գրողի գործը գրելն է: Ոմանց թվում է, թե իրենց ապաշնորհության ու անտաղանդության համար մեղավոր է նախագահը, որ եթե իրենք գիրք չեն գրում, կրկին նախագահն է մեղավոր»:

Արձակագիր Միքայել Աբաջանցը հակադրվեց Վ. Արսենին:
«Եթե Գրողների միության նախագահն անարժան մարդ է եւ իր բարոյական սկզբունքներից է կառավարում հիմնարկը, ապա նա ուղղակի չպետք է լինի գրողների միության նախագահ: Իհարկե, նա չի կարող տաղանդ բաշխել, բայց թե որքանով է տաղանդը գնահատվում, արդեն նրա աշխատանքի արդյունքն է»:

Գրաքննադատ Արքեմնիկ Նիկողոսյանը կարծում է, որ այս համագումարը չպետք է լինի գզվռտոցի առարկա, այլ` ստեղծագործական ընթացք, որով կարգավորվելու է գրողների հետագա գործունեությունը: «Մենք այնքան ենք քաղաքականացվել, որ գրական դաշտն ընկալում ենք որպես քաղաքական դաշտ եւ քաղաքական պայքար: Դա սխալ է. փոխանակ քննարկենք արդի բուն գրականությունը եւ դրա խնդիրները, մենք ամբողջ օրը քննարկում ենք կռիվները եւ ուրախանում»:
Արքեմնիկ Նիկողոսյանը Գրողների միության նախագահի պաշտոնին Լեւոն Անանյանին այլընտրանք չի տեսնում:
«Այն, որ միությունը ունի բարեփոխումների կարիք` անժխտելի է: Բայց հարցն այն է, որ այս պահին մեր դաշտում չկա այն մարդը, ով կանի այդ բարեփոխումները»,- ասաց Ա.Նիկողոսյանը:
Միքայել Աբաջանցն իր համար գտել է այդ մարդուն:
«Ինձ համար այդ մարդը Ռազմիկ Դավոյանն է: Նա տաղանդավոր գրող է, եւ ես գիտեմ, որ նա կկարողանա շատ ճիշտ կերպով գնահատել այսօրվա գրողներին եւ նրա ստեղծագործությունները»,-նշեց Մ.Աբաջանցը:
Վահե Արսենը նշեց, որ ինքը վաղը ընտրելու է Լեւոն Անանյանին:
«Եւ բոլորը գիտեն, որ Անանյանն ինձ ոչ մրցանակ է տվել, ոչ էլ այլ բան: Ես միությունում տարին 4 անգամ եմ լինում: Բայց ես միությունում տեսնում եմ շատ երիտասարդ ու պատանի ստեղծագործողների, ում համար գրելու լավ դաշտ է ստեղծվում: Բացի այդ Ռազմիկ Դավոյանը Գրողների միության համար մի քայլ հետ կլինի, որովհետեւ արդեն մեկ անգամ պաշտոնին լինելը, հեռանալը եւ կրկին հետ գալը սխալ է»,-ասաց Վ.Արսենը:
Երեք բանախոսներն էլ նշեցին, որ իրենք երբեք չեն կարող աշխատել նման պաշտոնում:
«Իմ կարծիքով գրողը չի կարող նման վարչական պաշտոն զբաղեցնել: Ուրեմն այդ մարդը գրական ասպարեզում այլեւս ասելու բան չունի»,-ավելացրեց Վահե Արսենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել