Լեւոն Անանյան. «Լցոնում կսարքենք, որպեսզի սենսացիոն նյութ ունենաք»

Շուտով կսկսվի Հայաստանի գրողների միության նախագահի ընտրությունները: Առաջադրվել են հինգ թեկնածուներ՝ Լևոն Անանյանը, Ռազմիկ Դավոյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Մուրադյանն ուԴավիթ Գասպարյանը։ Էդվարդ Միլիտոնյանը և Դավիթ Մուրադյանը ինքնաբացարկ են հայտարարել։ Ենթադրվում է, որ մրցապայքարն ընթանալու է միության ներկայիս նախագահ Լեւոն Անանյանի եւ նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանի միջեւ:
Դավոյանը հայտարարեց, թե իրեն չի հետաքրքրում` Անանյանը կընտրվի, թե ոչ, սակայն դատելով համագումարին ներկա գրողների տրամադրվածությունից` կարելի է ենթադրել, որ Անանյանն այսօր կվերընտրվի գրողների միության նախագահ:
Միության որոշ անդամներ, անանուն մնալու պայմանով, մեզ ասացին, թե իրենք դեմ են թե Անանյանին, թե Դավոյանին, պարզապես այլ թեկնածու չունենալով` ստիպված են ընտրել վատի եւ վատագույնի միջեւ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Լեւոն Անանյանը հավատարմագրման պատրվակով թույլ չտվեց որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների լուսաբանել միության համագումարը: Հիշեցնենք, որ Անանյանը նախկինում որպես լրագրող է աշխատել:
Միության նախագահից հարցինք` արդյոք նա գիտակցում է, որ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելն օրենքի խախտում է.
«Ես չեմ թողում, դատի տուր»,- սա էր Անանյանի պատասխանը: Այսքանից հետո մնում էր միայն հարցնել` արդյո՞ք ընտրություններին լցոնում լինելու է: «Կսարքենք, որպեսզի սենսացիոն նյութ ունենաք գրելու»,- սա էլ երկրորդ հանճարեղ պատասխանն էր:
Ի դեպ, ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը նույնիսկ չփորձեց Անանյանին համոզել` ներս թողնել լրագրողներին:
Լրագրողներին ներս թողնել-չթողնելու հարցը դրվեց քվեարկության, սակայն Անանյանը հարցն այնպես ձեւակերպեց, որ շատերը նույնիսկ չհասկացան` իրենք դեմ քվեարկեցին, թե կողմ:
Գրողներից շատերը բացասական էին տրամադրված լրագրողների նկատմամբ, ասելով, թե «Այտեղ կռիվ չի լինելու, ի՞նչ եք եկել, որ նկարեք»:
Ռազմիկ Դավոյանը կողմ էր, որպեսզի բոլոր լրագրողները մասնակցեն համագումարին: Նրան հարցրինք, թե ինչո՞ւ են մյուս գրողների խուսափում լրագրողներից.
«Որովհետեւ լրագրողները պահանջում են ամբողջ ճշմարտությունը, իսկ իրենք ճշմարտությունը չեն կարող ներկայացնել: Ես այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում, հասարակական կազմակերպությունը լրագրողներին հավատարմագրելու իրավունք չունի»:
«Հետքի» այն հարցին, թե երկրի նախագահի եւ միության նախագահի ընտրությունների միջեւ նմանություն չե՞ք տեսնում, Դավոյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել