HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Վարդան Պետրոսյան. «Մարդիկ բանտված են իրենք իրենց մեջ»

04_07-tsmah-bantarkyalnerՎարդան Պետրոսյանն իր նոր ներկայացումով հանդիսատեսին կներկայանա ամռանը: «Ցմահ բանտարկյալներ» ներկայացման մեջ խաղալու են երեք դերասաններ` Գեւորգ Մինասյանը, Մելիք Վարդանյանը եւ Վարդան Պետրոսյանը: Վերջինիս խոսքերով` այն մի փոքր շեղվել է իր սովորական ոճից:

«Երեք դերասանի առկայությունն ինձ բերեց մի նոր ոճի: Սովորաբար իմ ներկայացումները քաղաքական երգիծանքի ներկայացումներ են, իսկ սա ավելի շատ  աբսուրդի թատրոն է, որտեղ իրավիճակն այնպես է չափազանցված, որ հասնում է աբսուրդի: Ծիծաղաշարժ տեսարանները գրոտեսկի են վերածված, եւ այդ չափազանցությունների շնորհիվ մենք տեսնում ենք իրականությունն իսկական գույներով: Մարդիկ տեսնելու են իրենց հայելու մեջ, ինչը հաճախ նրանք խուսափում են անել: Մենք միշտ վախենում ենք մեր մեջ արատներ տեսնել եւ այդ պատճառով միշտ զբաղվում ենք ինքնախաբեությամբ»: Վարդան Պետրոսյանը հասարակությունը ներկայացնելու է որպես ցմահ բանտարկյալներ: Ընդ որում` խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հասարակությանը: «Հասարակությունը ներկայացնելու եմ երեք շերտով. մի դերասանը (Գեւորգ Մինասյան) մարմնավորում  է ուժեղ, թալանող, ջարդող-փշրող կերպարը, մյուսը (Մելիք Վարդանյան)` մեր ժողովուրդն է, որն անընդհատ մոռանում է մեր անցյալը, անցյալից դասեր չի քաղում, որը իրավազուրկ է եւ ունի միայն մի իրավունք` քնելու եւ Մասիսի թեմայով երազներ տեսնելու, և մի մտավորականի կերպար (Վարդան Պետրոսյան), որը փորձում է մեկին պատմության դասեր տալով, մյուսին` ազնվության, ինչ որ բան փոխել այս կյանքում, բայց ոչինչ չի ստացվում»: Վ. Պետրոսյանն այս իրավիճակը համեմատում է հայտնի առակի հետ, երբ կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը փորձում են սայլը իրենց կողմ քաշել: Արդյունքում սայլը մնում է իր տեղում: «Այդ կերպարները հավաքական կերպարներ են եւ իրենց բացասական գծերով ունեն իրենց մեջ թատերական եւ մարդկային հմայք: Այս ներկայացումը ևս մեկ փորձ է ցույց տալ իրականությունը: Ես այն պատկերացնում եմ շատ թատերական, կախարդական գույներով, շատ յուրահատուկ էսթետիկայով: Ներկայացման մեջ առկա է մեր այսօրվա իրավիճակը: Անդրադառնում ենք նաեւ Մարտի մեկի դեպքերին, դեռեւս ազատ չարձակված բանտարկյալներին: Ընդհանուր առմամբ, շատ զվարճալի եւ ծիծաղելի ներկայացում է, սակայն մտածելու տեղիք ունեցող` իսկական տրագիկոմեդիա»: «Ցմահ բանտարկյալներ» ներկայացումը հանդիսատեսի դատին կներկայացվի հուլսիս 17,18 եւ 19-ին` Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Առաջիկայում «Հետքը» ծավալուն հոդվածով կանդրադառնա Վարդան Պետրոսյանի կյանքին և գործունեությանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter