

Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հաղորդագրություն է ստացել հանցագործության մասին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ազատամտություն» թերթի հրապարակումները զրպարտություն եւ վիրավորանք են պարունակում Փոստանջյանի հասցեին:
Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ հաղորդագրությանը օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:
Հանցագործության մասին հաղորդագրությունը կփոխանցվի ոստիկանություն, քանի որ դատախազությունը քննչական գործողություններ չի իրականացնում:
Ոստիկանությունն էլ 10 օրվա ընթացքում պետք է որոշի` հարուցել քրեական գործ, թե ոչ:
Հիշեցնենք, որ «Ազատամտություն» թերթում հրապարակված տեղեկությունները եւ կոլաժը հաջորդեցին ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի ծավալած ակտիվ գործունեությանը: Պատգամավորը պնդում է, որ դրանք բացահայտ կեղծ տեղեկություններ են եւ ցանկանում է պատասխանատվության ենթարկել թերթին:
Իսկ «Ազատամտության» գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը օրեր առաջ «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց հրապարակած տեղեկություններում զրպարտություն չկա, իսկ վիրավորանք` հնարավոր է:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի համաձայն` զրպարտությունը պատժվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100.000-500.000 դրամ), իսկ 136 հոդվածով` վիրավորանքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով (100.000-400.000 դրամ):
Իսկ եթե միեւնույն լրատվամիջոցը պատգամավորին զրպարտել է երկու եւ ավելի անգամ, հնարավոր է ազատազրկում` առավելագույնը 1 տարի ժամկետով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել