
Բանակում մահացած շարքային զինծառայող Տիգրան Օհանջանյանի արտաշիրիմման փորձաքննությունն այսօր չի կայացել:
Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը, առավոտյան այցելել էր որդու շիրիմին, որպեսզի թույլ չտա գերեզմանից հանել որդու դիակը:
«Եկել էին 8 մեքենաներով` դատավորները, դատախազը, իրենց մասնագետների հետ: 3-4 ռազմական ոստիկաններ կային եւ մի քանի սափրագլուխներ: Ես իրենց հարցրի` ինչո՞ւ եք եկել, չէ՞ որ դուք գիտեիք, որ այսօր փորձաքննություն չի լինելու,- «Հետք»-ին պամեց մահացած զինվորի մայրը: - Իրենք ասացին, թե եկել են, որպեսզի արձանագրություն կազմեն, որ մենք չենք ներկայացել փորձաքննությանը: Մինչեւ ժամը 12:30 սպասեցին, հետո գնացին»:
Տիգրանի հայրը` Սուրենը, երեկվանից հիվանդանոց է տեղափոխվել, ծնողները դատախազին տեղեկացրել են, որ իրենք չեն մասնակցելու արտաշիրիմմանը, բայց Գոհար Սարգսյանը կասկածել է, որ որդու դիակը գերեզմանից կհանեն առանց իրենց ներկայության եւ առավոտյան գերեզմանոց է գնացել:
«Ես գիտեի, որ այսօր փորձաքննություն չի լինելու, բայց գնացել էի, որ տղայիս դիակը չգողանային: Էս մեր բռնապետական երկրում ամեն ինչ հնարավոր է: Եթե ես այնտեղ չլինեի, կարող է դիակը տանեին, հարցերը լուծեին, որպեսզի փորձաքննության ժամանակ իրենց ցանկալի արդյունքը գրանցեին»,- ասում է որդեկորույս մայրը:
Հիշեցնենք, որ Տիգրան Օհանջանյանը մահացել է զորամասում 2007 թվականի օգոստոսի 30-ին: Մահվան պաշտոնական վարկածը էլեկտրահարումն է, սակայն ծնողները վստահ են, որ Տիգրանին սպանել են: Արդեն 2 տարի է` նրանք պայքարում են մեղավորներին բացահայտելու եւ պատժելու համար:
Երկարատեւ դատական գործընթացներից հետո վերջապես նշանակվել է Տիգրանի արտաշիրիմման փորձաքննությունը, սակայն դատարանը թույլ չի տվել, որպեսզի ծնողների ներկայացրած մասնագետը մասնակցի փորձաքննությանը:
«Մեր մասնագետի փոխարեն Առողջապահության նախարարությունից ատամնաբույժի, վիրաբույժի եւ դիմածնոտային մասնագետների են ներգրավել, բայց ես թույլ չեմ տա, որ առանց մեր մասնագետի ներկայության որդուս դիակը զննեն»,- ասում է Գոհար Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել