«Հայտարարությունը պետք է ընդունել որպես ահազանգ»
«Կարծում եմ, երեք նախագահների մակարդակով կատարված հայտարարությունն ինքնին բավականին լուրջ, զգուշացնող ու զգաստացնող հայտարարություն է, եւ արդեն հայտարարության ընդհանուր սկզբունքներից եւ պահանջներից կարելի է ենթադրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, այդ թվում` ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումների արդյունքում լինելու են արտաքին լուրջ ճնշումներ եւ պարտադրանքներ»-այս մասին «Հետքին» ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բ.Օբամայի, Ն.Սարկոզիի եւ Դ.Մեդվեդեւի կողմից արված` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարությունը:
Դ. Իշխանյանի խոսքերով, նախագահները փորձում են ներկայացնել մադրիդյան սկզբունքները, որոնց բազմիցս դեմ է արտահայտվել ղարաբաղյան կողմը, այդ թվում նաեւ` այդ ձեւաչափով համապատասխան քննարկումներ անցկացնելու վերաբերյալ:
Արդյոք, կարելի է համարել, որ Ղարաբաղյան հարցը կարող է դառնալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հաշտեցման «խորհրդանիշ» հարցին ի պատասխան ՀՅԴ ներկայացուցիչն արտահայտել է այն կարծիքը, որ հարցը չպետք է այդ կոնտեքստում դիտել, պարզապես այդ հարաբերությունների մեջ Ղարաբաղը կարող է մի փոքր խնդիր լինել այդ երկրների համար: «Իրենց համար փոքր, բայց մեզ համար ճակատագրական եւ կարեւոր դերակատարություն ունեցող խնդիր: Իհարկե, հայտարարությունը շատ լուրջ եւ զգուշացնող է, այնուամենայնիվ չպետք է խուճապի մատնվել, եւ բոլոր դեպքերում պետք է առաջիկայում փնտրել նոր սկզբունքներ ու մոտեցումներ` հարցերի քննարկման համար»,-ավելացրել է նա:
Եւ այս համատեքստում, խորհրդաժողովի ընթացում, ինչպես նաեւ միասնական ջանքերի եւ միասնական ճակատի ստեղծման գործում հայտարարությունը պետք է ընդունել որպես ահազանգ, որին անհարժեշտ է լրջությամբ անդրադառնալ:
ՀՅԴ ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ հայտարարություններ եւ որոշումներ փաթաթելու փորձեր միշտ էլ եղել են: Բայց նրա կարծիքով, առաջիկա ամիսներին հայկական կողմի համար ճակատագրական ոչ մի որոշում չի կայացվի, ուստի` չպետք է խուճապի մատնվել եւ ամեն ինչ կորսված համարել, քանի որ «մի նոր փուլ է սկսվում ղարաբաղյան գործընթացում»:
Մոսկվայում կայանալիք Ալիեւ-Սարգսյան հանդիպման ժամանակ համապարփակ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին վերջին շրջանում հաճախակի են սկսել խոսել: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի կարծիքով, այդ փաստաթուղթը, եթե ստորագրվի էլ, ամեն դեպքում ոչ մի ուժ չի կարող ունենալ Ղարաբաղի համար:
«Ղարաբաղն ի սկզբանե հայտարարել է, որ որեւէ քաղաքական ուժի, իշխանության, թեկուզ ՀՀ իշխանությունների մակարդակով ստորագրված փաստաթուղթ, որը չի բխելու ոչ միայն Ղարաբաղի, այլ ամբողջ հայ ժողովրդի շահերից, չի ընդունվելու»,-շեշտել է նա` հույս հայտնելով, որ նման փաստաթուղթ չի ստորագրվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել