
Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար
Մասիս Մայիլյանի՝ «Հետք»-ին տված մեկնաբանությունը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` Լեռնային Ղարաբաղի եւ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մասին:
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդեւի, ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի համատեղ հայտարարության տեքստը շատ քիչ է տարբերվում ի պաշտպանություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի տարբեր մակարդակներով եւ տարբեր միջազգային կառույցների շրջանակներում նախկինում ընդունված հայտարարություններից: Հատկանշական է, որ ներկայումս երեք երկրների նախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ավարտին հասցնել ԵԱՀԿ պաշտոնական կայքում (http://www.osce.org/item/38731.html) հրապարակված կարգավորման կոնկրետ սկզբունքների համաձայնեցումը:
Փորձենք համառոտակի մեկնաբանել յուրաքանչյուր սկզբունք`
1.Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը
ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որեւէ տարածքի հանձնումը Ադրբեջանին առաջին հերթին նշանակելու է խախտում ԼՂՀ հիմնական օրենքի` Սահմանադրության, որում ամրագրված են տվյալ տարածքները: Երկրորդ` ազատագրված տարածքների անգամ մի մասից ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերի դուրսբերումը կխախտի ԼՂՀ ռազմական եւ պարենային անվտանգությունը:
Հրապարակված սկզբունքներում ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից զավթված ավելի քան 1000 քառ. կմ. ղարաբաղյան տարածքները ԼՂՀ վերահսկողությանը վերադարձնելու մասին:
Բանակցություններում խոսքը պետք է գնա ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մասին: Ադրբեջանի կողմից ԼՂՀ պետականության ճանաչումից հետո միայն երկու կողմերի միջկառավարական հանձնաժողովը պետք է զբաղվի միջպետական սահմանազատմամբ: Այդ է վկայում սահմանային վեճերի լուծման միջազգային պրակտիկան:
2. Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում` անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ
Այս սկզբունքն իրականում ԼՂՀ ինքնիշխանությունը սահմանափակելու` կասկածի տակ դնելով նրա անկախ կարգավիճակը, եւ պետությանը սեփական անվտանգության համակարգից զրկելու փորձ է նշանակում:
Անվտանգության իրական ապահովում կարող է լինել ԼՂՀ անկախության ճանաչումը, ինչը Արցախին նոր հնարավորություններ կընձեռեր սեփական անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում` քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք
ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապը հաստատվել է 1992-ի մայիսին եւ ընդարձակվել է 1993թ. մարտական գործողությունների ընթացքում: Ուղղակի միամտություն կլիներ ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ ներկայիս լիարժեք ցամաքային կապը սահմանափակել խոցելի «միջանցքով»: Հետաքրքիրն այն է, որ նշված սկզբունքն առաջարկվում է որպես հայերին արվող զիջում:
4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում` իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով
ԼՂՀ իրավական կարգավիճակն արդեն որոշված է իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության հիման վրա` 1991թ. դեկտեմբերի 10-ին, եւ հաստատված մեկ այլ` ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեով 2006թ. դեկտեմբերի 10-ին: Բացի այդ, ԼՂՀ ժողովուրդը 8 անգամ անուղղակիորեն արտահայտել է անկախ պետականությանն իր հավատարմությունը համապետական` նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում` քվեարկելով քաղաքական կուսակցությունների եւ առանձին թեկնածուների ծրագրերի օգտին, որոնցում նշվել է ԼՂՀ միջազգային ճանաչման եւ պետականության ամրապնդման անհրաժեշտությունը: Այսպիսով, վերջին 18 տարիներին ԼՂՀ քաղաքացիները 10 անգամ արտահայտվել են ԼՂՀ անկախ կարգավիճակի օգտին:
5. Բոլոր ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունքի ապահովում
Սույն սկզբունքը բոլոր երեք կողմերի միջեւ կարող է քննարկվել Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո: Դրական հանգամանք կարելի է համարել«բոլոր» բառի օգտագործումը, այլ ոչ միայն ադրբեջանցի փախստականներին նկատի ունենալը: Չնայած անհասկանալի է, թե ով եւ ինչ ձեւով կարող է ապահովել իրավունքներն ու երաշխավորել անվտանգությունը հարյուր հազարավոր այն մարդկանց, որոնք կարող են հայտնվել հակառակ կողմի տարածքում:
6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն
Ըստ էության, մեզ առաջարկվում է ռազմական անվտանգության սեփական համակարգը փոխարինել«կապույտ սաղավարտների» անարդյունավետ մեխանիզմով: ԼՂՀ տարածքում օտար զինված ուժերի հնարավոր տեղաբաշխումը` թող որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դրոշի ներքո, անմիջապես կտրուկ կսահմանափակի հանրապետության ինքնիշխանությունը:
Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռեւս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից եւ, ըստ այդմ էլ, երկիրը ներկայացված չէ վերոնշյալ կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ Ղարաբաղը չի ունենա այդ ուժերի վրա ազդելու միջազգային իրավունքով երաշխավորված որեւիցե լծակով: Այս պայմաններում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղաբաշխումը արմատապես կհակասի մեր ազգային շահերին: ԼՂՀ-ն չի կարող սահմանափակել իր ինքնիշխանությունը` չստանալով համապարփակ միջազգային իրավաբանական ճանաչում:
Անվտանգության պահպանման անմիջական պարտականությունների, իսկ դրանց հետ միասին նաեւ կոնկրետ տարածքների փոխանցումը երրորդ կողմին չի երաշխավորում այդ նույն անվտանգության ամրապնդում եւ իր մեջ նոր սպառնալիքներ է պարունակում:
Ղարաբաղցիներն ունեն խորհրդային ժամանակաշրջանի «խաղաղապահների» հետ շփման սեփական փորձ, երբ 1980-ականների վերջին բնակչության անվտանգության ապահովման նպատակով ուղարկված զորքերը պարբերաբար թերանում էին իրենց պարտականությունների կատարման մեջ եւ չկարողացան Ադրբ. ԽՍՀ հայազգի բնակչությանը պաշտպանել ջարդերից ու բռնություններից: 1991 թվականին, ԽՍՀՄ ղեկավարության հրամանով, նույն այդ զորքերը հայազգի բնակչությանը բռնի տեղահանեցին Արցախի որոշ մասերից («Կոլցո» օպերացիա): Խաղաղապահ գործողությունների նվազ արդյունավետությունը դրսևորվել է նաև այլ հակամարտ գոտիներում:
Խաղաղապահներին հակամարտության գոտի ուղարկող կառավարությունների համար հենց իրենց` խաղաղապահների շահերն ու անմիջական անվտանգությունը միշտ էլ ավելի կարեւոր են լինելու, քան տեղաբնիկների անվտանգությունը:
Հրապարակված հիմնարար սկզբունքների ընդունումն ու իրականացումն անուղղելի վնաս կհասցնեն ԼՂՀ-ի ու ՀՀ-ի ազգային շահերին: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների անընդունելիությունն արձանագրվել է նաև հուլիսի 10-11-ին ԼՂՀ մայրաքաղաքում անցկացված Համահայկական համաժողովի բանաձեւում:
Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից համաժողովին մասնակցածները Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջել են չստորագրել առաջարկվող փաստաթուղթը: Ակնհայտորեն կա այն բանի ըմբռնումը, որ հակառակորդին այն տարածքների հանձնումը, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը ունի ինչպես իրավաբանական ու քաղաքական, այնպես էլ պատմական իրավունք, բարոյական ուժեղ հարված է լինելու հայ ժողովրդին, ինչը կարող է նրան տեւական ժամանակով զրկել դիմադրելու ազգային կամքից եւ սեփական պետականություն կառուցելու իմաստավորումից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել