
«Ասադի իշխանությունը միակն է, որ կարող է ապահովել Սիրիայի հայերի անվտանգությունը»
«Այն ռեսուրսները, որ ունի Կադաֆին, և այն ռեսուրսները, որ ունի միջազգային կոալիցիան, որն օգնում է ընդդիմադիրներին, անհամեմատելի են»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխնօրեն, արևելագետ Սուրեն Մանուկյանը:
Չնայած Լիբիայի ապստամբները գրավել են մայրաքաղաք Տրիպոլին, այնուամենայնիվ, Մանուկյանը կարծում է, որ նոր կառավարությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ: 40 տարի շարունակ Կադաֆիին հաջողվում էր համաձայանության գալ Լիբիայում առկա բազմաթիվ շեյխերի հետ: Հարց է առաջանում, թե արդյոք նոր կառավարությունը կարո՞ղ է բանակցել այդ շեյխերի հետ: Հակառակ դեպքում կլինի քաղաքացիական պատերազմ:
Սակայն Մանուկյանը նաև նշեց, որ Լիբիայի հետ հայերը գրեթե հարաբերություններ չունեն, սակայն կարևոր է Լիբիայի և Սիրիայի միջև համեմատություն անցկացնել, որովհետև այստեղ առկա է Սիրիայի հայերի գործոնը:
Մանուկյանը նշեց, որ Լիբիան ու Սիրիան շատ նման են: Սակայն եթե Լիբիայում կա նավթ, որը դարձավ արտաքին նեխուժման պատճառ, ապա Սիրիան գրեթե ռեսուրսներ չունի:
«Ցանկացած արտաքին ուժերի ներխուժում արաբական երկրներում բերելու է իշխանության փոփոխության: Ոչ մի արաբական առաջնորդ հնարավորություն չունի արտաքին ներխուժման դեմ պայքարելու»,- նշեց Ս. Մանուկյանը:
Ըստ նրա՝ դա կարող է բացասկան հետևանքներ ունենալ Սիրիայի հայերի համար: Վերջիններս միշտ փորձել են չեզոք դիրք գրավել, սակայն այժմ բռնել են Սիրիայի իշխանությունների կողմը:
«Սիրիայի հայերը հստակ հասկանում են, որ Բաշար ալ Ասադի իշխանությունը միակն է, որ կարող է ապահովել իրենց անվերապահ անվտանգությունը: Ցանկացած այլ իշխանություն կամ անիշխանություն հայերի վիճակը կտրուկ կվատացնի»,- հավելեց Ս. Մանուկյանը:
Սակայն ըստ Մանուկյանի` լիբիական սցենարի կրկնումը սիրիայում այնքան էլ հավանական չէ: Տարբեր ուժեր ճնշում են գորրծադրում Ասադի վրա, սակայն ոչ ավելին: Իսկ Բաշար ալ Ասադն էլ չի պատրաստվում հեռանալ իշխանությունից և կռվելու է մինչև վերջ:
Մանուկյանը նշեց, որ Սիրիայում միայն երկու ուժեր կարող են վերցնել իշխանությունն իրենց ձեռքը: Առաջինը բանակն է, որը, Մանուկյանի խոսքերով` 100 տոկոսվ հավատարիմ է Ասադին: Երկրորդը` մուսուլման արմատականներն են, որոնք Սիրիայում քաղաքացիական ընդդիմության բացակայության պայմաններում միակ լուրջ ընդդիմադիր ուժն են:
Սիրիայում կարևոր է նաև Սաուդյան Արաբիայի դերը, որը բազմաթիվ ներդրումներ է անում այնտեղ, որի նպատակն Իրանին տարածաշրջանից հեռացնելն է: Իսկ Սիրիան Իրանի ամենաուժեղ դաշնակիցն է: Մանուկայանի խոսքերով` Սաուդյան Արաբիան չի կարող թույլ տալ, որ Սիրիայի նման ստրատեգիական դիրք ունեցող երկիրը, որը նրա եզակի առավելություններից է, գտնվի Իրանի ազդեցության տակ: Մյուս կողմից` Իրանն աջակցում է Ասադին և պարբերաբար գումարներ ներդնում:
«Քանի դեռ սաուդյան փողերը կմտնեն Սիրիա, Սիրիայում անկայունությունը կշարունակվի: Ում փողերն ավելի շուտ կավարտվեն` սաուդյա՞ն, թե՞ իրանական, նա էլ կհաղթի այս պայքարում»,- ավելացրեց Ս. Մանուկյանը:
Կարևոր է նաև Թուրքիայի դերը, որը նույնպես ցանկանում է չեզոքցնել Իրանի դերը, իսկ Արևմուտքը դա անում է Սաուդյան Արաբիայի միջոցով: Այնուամենայնիվ, Ս. Մանուկյանի կարծիքով, այժմ Սիրիայի հարցը երկրորդական է:
«Մինչև Լիբիայի հարցը չլուծեն, Սիրիային չեն անրադառնա»,- հավելեց Ս. Մանուկյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել