
Լրագրողները երեկ հնարավորություն ունեցան Կոկտեյլի ժամանակ շփվել եւ հարցազրույցներ անցկացնել «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակից ռեժիսորների եւ կինոգործիչների հետ: Սակայն լրագրողներն այնքան շատ էին, որ հյուրերն առանձին հարցազրույցներ չէին համաձայնում տալ:
Ներկայացնում ենք Ֆրանսիահայ պրոդյուսեր, Ֆրանսիայի պրոդյուսերների ասոցիացիայի նախագահ Ալեն Թերզյանի հետ մի քանի լրագրողների զրույցը:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:
Հսկա ֆեստիվալ է: Իսկ ֆեստիվալի նախագահը հսկա մարդ մըն է եւ շատ աղվոր եւ պետքական գործ մը կընե: Կըհուսամ , որ ամեն տարի ավելի ու ավելի շատ կլսինք «Ոսկե ծիրան»-ի պատմությունը: Ես շատ հպարտ եմ, որ այս ֆեստիվալին կմասնակցիմ:
Երեկվա ֆիլմից հետո կարծիքները կիսվեցին. Ոմանք ասացին, որ այն արատավորում է հայի անունը, ոմանք էլ գոհ էին հետաքրքիր ֆիլմի համար:
Շատ պատմություններ կան, որտեղ իտալացիները գանգստերներ են, իրական գանգստերներ.լինի այդ պատմությունը ԱՄՆ-ում, թե Եվրոպայում: Դուն կասե՞ս, թե ամբողջ Իտալիան գանգստեր է: Ո՛չ, դրանք ուղղակի պատմություններ են, պատկերներ են եւ նույն պատմությունն էլ Մալաքյանների ընտանիքի մասին է: Նրանք գաղթել էին Ֆրանսիա, եւ խնդիր ունեին գոյատեւելու: Ամեն մարդ ունի իր ճամփեն, որով կարող է առաջ գնալ: Ամենքն ալ գիտեն, որ հայերը մաքուր են, շիտակ են:
Ինչպիսի՞ն է Հայաստանը:
Ասկե հրաշալի երկիր է: Սա երազ է, երկիր չէ: Ես գործիս համար ամբողջ աշխարհով գատցել եմ: Եվ առաջին անգամ մը այդչափ բարի, խելացի, անուշ, աշխատասեր ժողովուրդ մը կտենամ: Մե՛ծ մամա, նայե՛, մեր հողն եմ: Շատ հպարտ եմ, որ հոս եմ:
Հայաստանում իրագործելիք նախագծեր ունե՞ք:
Դեռ չէ: Այս ամենն ինձ համար դեռ նոր է: Եվ կինոյի մեջ ապագայի մասին կմտածես երեք-չորս տարվա ընթացքում: Չես կարող ըսել` վաղը ինչ պիտի ընեմ:
Ձեր զավակները ի՞նչ տպավորություն ունեն Հայաստանի վերաբերյալ:
Օ~…Այսօր շատ-շատ հպարտ էին, Էդուարդ Նալբանդյանի մոտ ճաշի էինք հրավիրված: Եվ շատ-շատ ուրախ էին: Երբ դուրս եկան, ընկերները հեռաձայնեցին, իրենք էլ հպարտանում էին:Ալեքսանդր եւ Անտոն` իմ որդիները:
Ե՞րբ եք մեկնում Ֆրանսիա:
Դժբախտաբար երկու օրեն: Համա շուտ պիտի հետ գամ` երեք օրեն (ծիծաղում է): Ձեզի պես անուշիկները եթե հոս ըլլան, ստիպված կըլլամ երեք օրեն հետ գալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել