HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծանր բեռը Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի վրա կգցի»

Այսօր մի խումբ հայ բլոգերներ «Բլոգերներն ընդդեմ մադրիդյան սկզբունքների» թեմայով հանդիպում ունեցան լրագրողների հետ: Նրանք հանդես եկան հայտարարությամբ, որով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են` - անհապաղ պաշտոնանկ անել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, - դադարեցնել մասնակցությունը ՀՀ եւ Արցախի համար կործանարար հետեւանքներով հղի բանակցություններին, - զերծ մնալ ակնհայտորեն հակահայկական փաստաթղթերը ստորագրելուց, - այսուհետ գործել միմիայն հանուն Հայոց պետականության շահերի եւ հայ ժողովրդին բնորոշ արիությամբ: Բլոգերները նշեցին, որ իրենք որեւէ կուսակցություն կամ քաղաքական ուժ չեն ներկայացնում, այլ միայն խոսում են հայկական բլոգոսֆերայի անունից: Մադրիդյան սկզբունքի կիրառումն, ըստ բլոգերների, աղետալի հետեւանքներ կունենա Հայաստանի համար: «1991-ի ստատուս քվոն գերտերություններին այլեւս ձեռնտու չէ: ԱՄՆ-ն փորձում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով ուղիներ հարթել դեպի միջինասիական ռեսուրսներ, իսկ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է փակել այդ ուղիները: Այսինքն` գերտերությունների խաղը փոխվեց, եւ ստատուս քվոն այլեւս բավարար չէ նրանց համար: Իսկ ստատուս քվոն փոփոխելու համար պատերազմ պետք է տեղի ունենա: Եթե մադրիդյան սկզբունքը կիրառվի, ապա պատերազմն անխուսափելի կլինի, չնայած նրան, որ ո´չ մենք, ո´չ ադրբեջանցիները դա չեն ուզում: Կկրկնվի անցյալ տարվա Վրաստանի պատմությունը մեզ հետ»,- ասում է infernoarm.livejournal.com բլոգի հեղինակ Հայկ Բալանյանը: varujeans.livejournal.com-ի հեղինակ Վարուժան Գեղամյանն էլ կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքների հանձնումը կործանարար հետեւանքներ կունենա ոչ միայն Արցախի, այլ նաեւ Սյունիքի բնակչության համար. «Նույնիսկ մի փոքրիկ հողակտորի հանձնման դեպքում մեծ արտահոսք կսկսվի ոչ միայն Արցախից, այլ նաեւ Սյունիքից: Եւ հետո, Սյունիքի բնակչության հողատարածքների մեծ մասը գտնվում է հենց Քաշաթաղի շրջանում, որը նախկինում Ադրբեջանին էր պատկանում: Սրանով նաեւ տնտեսական լուրջ խնդիրներ կունենանք»: Բլոգերները հայտարարեցին նաեւ, որ իրենց գործունեությունը կարելի է համարել «չհայտարարված հանրաքվե»: Նրանց երեկվա տվյալներով` 200 մարդ արդեն քվեարկել է ինտերնետային հանրաքվեին` ընդդեմ մադրիդյան սկզբունքների: Բլոգեր Հայկ Բալանյանի կարծիքով` Հայաստանի եւ Արցախի իշխանությունները տարածքների հանձնումը կիրականացնեն հնարավորինս առանց աղմուկի. «Ծանր բեռը Սերժ Սարգսյանը կգցի Բակո Սահակյանի վրա: Բակո Սահակյանը կստորագրի պայմանագիրը, հետո էլ ղարաբաղցիներին կպարտադրեն համաձայնություն հայտնել: Կասեն` ղարաբաղցիները գաղթեցին, թուրքերն էլ շատ էին, եկան լցվեցին Ղարաբաղ: Եւ ամեն ինչ կվերջանա»: Սակայն, բլոգերները հայտնում են նաեւ, որ իրենք աննկուն կերպով պայքարելու են, որ իշխանություններն ու գերտերությունները չկարողանան հասնել իրենց նպատակին. «Եթե հարկ լինի, մենք կկազմակերպենք ստորագրահավաքներ, հանրահավաքներ, միայն թե մեր պահանջն իրականանա»,- ասում է dabavog.livejournal.com -ի հեղինակը: Անի Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter