HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սպանության գործ. Հրանտ Դինք». թուրք ռեժիսորի ֆիլմը «Ոսկե ծիրան»-ում

14_07-Hrant_DinqԱյս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացվել է թուրք ռեժիսոր Օքքան Օսմանի նկարահանած «Սպանության գործ. Հրանտ Դինք» վերնագրով վավերագրական ֆիլմը: Այն լուսաբանում է Հրանտ Դինքի կյանքն ու գործունեությունը, նրա սպանության պատճառներն ու հայ-թուրքական պատմական խնդիրներին վերաբերող հարցեր: Ֆիլմի տեւողությունը 80 րոպե է: Երկար տարիներ ապրելով եւ աշխատելով Գերմանիայում` Օքքան Օսմանին միշտ հետաքրքրել են Թուրքիայի իրական պատմությունը, ազգային փոքրամասնությունների հանդեպ իր երկրի անհանդուրժողական վերաբերմունքի պատճառները: 2000-ականներին Օքքան Օսմանն իր գերմանացի կնոջ` Սիմոնե Սիթի հետ, սկսել են նկարահանել ֆիլմեր Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների մասին, այդ թվում` նաեւ հայերի: 14_07-Oqqan_OsmanԹե ինչ ազդեցություն կունենա «Սպանության գործ. Հրանտ Դինք» ֆիլմը հայ եւ թուրք հասարակությունների վրա, եւ ինչ է մտածում թուրք ռեժիսորն իր իսկ պետությունում տեղի ունեցող հանցագործությունների մասին, փորձեցինք պարզել անձամբ Օքքան Օսմանից: Ինչու Հրանտ Դինքին ընտրեցիք որպես ֆիլմի հերոս: Ես երկար տարիներ եվրոպական «Արտե» մշակութային հեռուստաընկերության վավերագրական ֆիլմերի բաժնի տնօրենն էի: Մեր բաժինը զբաղվում էր թուրք հասարակության խնդիրների մասին վավերագրական ֆիլմերի նկարահանմամբ: Մենք նկարահանել եք պատմական, մշակութային ֆիլմեր Թուրքիայի մասին: Վերջին ֆիլմը սկսեցինք նկարել կնոջս`Սիմոնե Սիթի հետ. Ցավոք, նա 2006-ին մահացավ: Մեր ֆիլմը 2000-ականներին Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ մարդկանց փոխանակության մասին էր: Թուրքիայից Հունաստան էին ուղարկվում մեծ թվով հույներ, որոնք, սակայն, Թուրքիայի քաղաքացիներ էին: Նրանց տեղահանման պատճառն այն էր, որ նրանք խոսում էին հունարեն: Տեղահանվեցին մոտավորապես կես միլիոն հույներ: Սա մեզ համար հետաքրքիր էր, եւ մենք փորձեցինք իմանալ ընդհանրապես Թուրքիայում ապրող փոքրամասնությունների իրավիճակի մասին: Այսինքն` նաեւ հայերի վիճակի մասին: Մենք կապվեցինք Հրանտ Դինքի հետ, որպեսզի նա մեզ օգնի` նկարահանումներ անելու: Նա շատ բարեհամբույր էր, եւ մենք ընկերացանք: Կնոջս մահից հետո` 2006-ին, ես արդեն մենակ էի եւ կրկին կապվեցի Հրանտի հետ` ֆիլմը շարունակելու, քանի որ Թուրքիայում իրավիճակն ավելի էր լարվում: Սակայն այդ լարվածությունը հանգեցրեց նաեւ Հրանտի մահվանը: Եւ ահա, կինս մահացել էր, Հրանտը` նույնպես. ես որոշեցի նկարել մի ֆիլմ, որը կամբողջացներ այս ամենը: Հրանտի սպանությունն արդեն իսկ ի ցույց դրեց հայերի իրավիճակը Թուրքիայում: Եւ հենց նա էլ այս պատմության կենտրոնում է, նրանով ես ցույց եմ տալիս եվրոպական հասարակությանը հայերի իրավիճակը: Հրանտի պատմությամբ ես անդրադառնում եմ նաեւ ցեղասպանությանը: Ընտրեցի Հրանտին, քանի որ նա մի մարդ էր, ով կարողանում էր բարձրաձայնել խնդիրները եւ չէր վախենում խոսել: Նա օբյեկտիվորեն տեսնում էր տարբեր կողմերի ռազմավարությունները, բայց առաջարկում էր հնարավորինս խաղաղ լուծում գտնել, ինչն ամենագովելին էր նրա մեջ: Նա փորձում էր բացել թուրք հասարակության աչքերը, թե ինչ է կատարվել եւ ինչ է կատարվում նաեւ հիմա: Միաժամանակ, նա կոչ էր անում հայ հասարակությանը երկխոսության մեջ մտնել Թուրքիայի հետ: Այս առումով նա շատ հաջողակ է, նույնիսկ երբ մահացած է: Նրա մահով հազարավոր մարդիկ Թուրքիայում զգացին իրենց պատմության մեծ մեղքը: Շատ-շատերը ստորագրեցին այն հռչակագիրը, որը ներողություն էր խնդրում հայերից: Ճիշտ է, այն մնաց ուղղակի թղթի վրա, բայց մարդիկ ստորագրեցին եւ գիտակցեցին իրենց պատմական մեղքը: Թուրքիան չի խրախուսում թուրք մտավորականների կողմից պատմական մեղքի խոստովանությունը. արդյո՞ք թուրքական պետությունը չի արգելում այսպիսի նախաձեռնությունը, եւ ինչպիսի՞ ապագա եք Դուք տեսնում այս առումով: Կարծում եմ` այս հարցում մենք պետք է ցուցաբերենք զգուշավոր լավատեսություն: Նախ` տարբերակենք, որ Թուրքիայում պետությունն ու կառավարությունը տարբեր բաներ են: Պետությունը ներառում է նաեւ ռազմական ուժերը, իսկ կառավարությունը միայն պետության մի մասն է: Վերջին տարիներին դրանց տարբերությունն ավելի քան զգացվում է: Կառավարության քաղաքականությունն ավելի հանդուրժող է հարեւանների եւ փոքրամասնությունների հանդեպ, քան ավանդական պետությունը: Եւ նրանք փորձում են երկխոսություն ստեղծել նաեւ Հայաստանի հետ: Ասեմ, որ այս կառավարությունն ավելի հանդուրժողական է անցյալի հետ կապված հարցերում: Բացի այդ, Եվրամիության անդամակցության խնդիր կա, ինչն էլ մտավորականներիս համար ապագայի հույս է ստեղծում: Վերջին տարիներին թուրք հասարակության մեջ իսլամական, կրոնական գործոնը մեծանում է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունք կունենա իսլամի ազդեցության մեծացումը: Սա շատ բարդ հարց է, որովհետեւ ես կարծում եմ, որ թուրք հասարակության մեծամասնությունը շատ կրոնական է: Ես որեւէ վտանգավոր գործողություն կամ վերաբերմունք չեմ սպասում իսլամիստներից: Նշեմ, որ նրանք ունեն ժողովրդավար սովորույթներ: Սա նոր փորձառություն է թուրք հասարակության համար, որ որոշ մարդիկ, լինելով մուսուլմաններ, կարող են լինել մոդեռն եւ արժեւորել ժողովրդավարական սկզբունքները: Թե ինչպիսին է թուրք հասարակության մենթալիտետը եւ համընդհանուր մտածողությունը, ուրիշ հարց է: Կարծում եմ` քաղաքական գործիչների հիմնական գործառույթը թե՛ անհատի, թե՛ հասարակության գիտակցության բարձրացումն է այս հարցերի վերաբերյալ: Թուրքիայի պաշտոնական պատմության մեջ ցեղասպանության մասին ճշմարտությունը գրված չէ: Ես կարծում եմ` սա, իրոք, շատ ամոթալի է մեր հասարակության համար: Թուրք մտավորականների մի ստվար զանգված ընդունում է իր պետության մեղքը եւ կողմ է ներողություն խնդրելուն: Իսկ կա՞ մտավորականության մեկ այլ շերտ, որը հակառակ տեսակետին է: Կարծում եմ` մտավորականության շարժումը շատ օգտակար է, քանի որ մարդիկ սկսում են մտածել Հայկական հարցի մասին: Թուրք մտավորականության մեծամասնությունը Հրանտ Դինքի ընկերներն են եւ նրան շատ լավ են վերաբերվում: Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, նրանք խուսափում են այս մասին կարծիք հայտնելուց, ինչը տեխնիկապես սխալ չէ: Այս շարժումն ու ստորագրությունների թուղթն ամենալավ միջոցն են մարդկանց մեջ գիտակցությունը բարձրացնելու համար: Ֆիլմը նկարահանվել է հենց «Ոսկե ծիրանու՞մ» ցուցադրվելու համար, թե՞ այլ նպատակներ էլ կան: Ֆիլմը պատվիրվել եւ ֆինանսավորվել է «Արտե» հեռուստաընկերության կողմից եւ ցուցադրվել է ապրիլին` Ֆրանսիայում եւ Գերմանիայում. այնտեղ հաջողություններ ունեցել է: Իսկ այժմ հրավիրվել է ցուցադրության «Ոսկե ծիրան»-ի կողմից: Սա Ձեր առաջի՞ն այցելությունն է Հայաստան. ինչպիսի՞ տպավորություններ ունեք: Սրանից առաջ եղել եմ Հայաստանում ֆիլմի հետ կապված որոշ աշխատանքներ կատարելու համար: Նկատել եմ, որ հայ հասարակությունը շատ էմոցիոնալ է, երիտասարդ եւ զարգացող: Իսկ հայ հասարակությունը, Ձեր գնահատմամբ, պատրա՞ստ է երկխոսության: Թուրք եւ հայ հասարակությունները նույնատիպ են, նույն մենթալիտետն ունեն: Կարծում եմ`որքան շուտ թուրք հասարակությունն ընդունի իր մեղքը եւ ամոթ զգա իր արարքի համար, այնքան հեշտ կլինի երկխոսության ստեղծումը: Հիմնական խնդիրը մարդկանց միմյանց հետ խոսելու, միմյանց ճանաչելու մեջ է: Սա եմ զգացել` լինելով Հայաստանում: Նաեւ զգացել եմ, որ մարդիկ շատ բարեհամբույր են եւ ամեն կերպ փորձում են օգնել քեզ: Անի Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter