HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնակցությունը պահանջում է Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը

20_03-a_rustamyanԱյսօր «Ուրբաթ» ակումբում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց Գերագույն մարմնի հայտարարությունը, որը պետք փոխանցվեր ԱԳՆ-ին այսօր նախատեսված բողոքի ակցիայի ժամանակ: Միակ ելքը համախմբվածության մեջ տեսնելով` Արմեն Ռուստամյանն արձանագրեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շեղվել է ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի հիմնական դրույթներից: Շարունակվում է խոչընդոտվել ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, չկա համարժեք պայքար թուրք-ադրբեջանական տանդեմի հետևողական հակահայկական գործողությունների դեմ: Ներքին ու արտաքին քարոզչության մեջ արտգործնախարարության գործունեությունը մնում է խիստ անբավարար: Արցախի հարցում արագացված լուծումներ պարտադրելու` համանախագահող երկրների փորձը վտանգում է Հայաստանի ազգային և պետական շահերը: Ստեղծված իրավիճակում Դաշնակցությունը հեռատեսություն և քաղաքական կամք է պահանջում ՀՀ և ԼՂՀ իշխանություններից: Ակնկալում են, որ ՀՀ նախագահը չի ստորագրի Արցախի ժողովրդի կամքն անտեսող որևէ փաստաթուղթ: Արտաքին քաղաքականության ասպարեզում առաջացած բացասական հետևանքները վերացնելու և ազգային պետական ուղեգիծը վերագտնելու նպատակով Դաշնակցությունը պահանջում է ոլորտի պատասխանատու, ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը: Լրագրողների հարցին, թե ինչու ոչ թե նախագահի, այլ միայն արտգործնախարարի հրաժարականն են պահանջում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ` որովհետև մենք չենք ուզում խափանել աշխատանքներն ընդհանրապես, մեր նպատակը բխում է իրավիճակի մեջ կտրուկ փոփոխություն մտցնելու անհրաժեշտությունից: Մենք սրանով հնարավորություն ենք ուզում տալ նախագահին, որպեսզի նա այդ փոփոխություններն իրականացնի: Նախագահը դեռ ունի հնարավորություն իրավիճակի մեջ կտրուկ բեկում մտցնելու, և ամենակարևորը` չստորագրելու այն փաստաթուղթը, որըն այսօր առաջարկվում է»: Արմեն Ռուստամյանի խոսքերով` եթե նմանատիպ որևէ փաստաթուղթ ստորագրվի, ով էլ լինի նախագահը, Դաշնակցությունը դեմ է լինելու նման քաղաքականությյանը: «Որ գնում ես այգի խաղող ուտելու, նպատակդ այգեպանին ծեծելը չէ, այլ խաղող ուտելը»,- հայտնի ասացվածքով Արմեն Ռուստամյանը պատճառաբանեց նախագահի հրաժարականը դեռևս չպանահջելը: Թե որն է լինելու Դաշնակցության դիրքորոշումը, եթե նախագահը ստորագրի Մադրիդյան սկզբունքների տակ, Արմեն Ռուստամյանը պարզաբանեց. «Մենք դեմ ենք լինելու դրան և բոլոր քաղաքակիրթ միջոցներով պայքարելու ենք: Քաղաքակիրթ միջոցների մեջ մտնում է հրաժարականի պահանջ, սահմանադրական այլ եղանակներ»,- ասաց Արմեն Ռուստամյանը և շեշտեց, որ այսօր ամենակարևորը համահայկական ճակատ ստեղծելու խնդիրն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter