
«Ըստ հայկական իշխանությունների` օրակարգում կա 4 խնդիր` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ԼՂ ինքնորոշումը, ցամաքային սահման ունենալը Հայաստանի հետ և պատերազմի բացառումը: Դրանցից երեքը ձեռնտու են մեզ: Իսկ այդ դեպքում ի՞նչն է հետաքրքրելու Ադրբեջանին»,- անդրադառնալով այսօր Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը` «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:
Վերջինիս մտահոգում է, որ գաղտնի են պահվում տարածքների հնարավոր զիջման հետ կապված խնդիրները: Իրենց կուսակցությունը, Տ. Կարապետյանի խոսքով` դատապարտում է գաղտնիությունը, գաղտնի տարվող բանակցությունները:
«Այսօր թե ինչ է կատարվում, մենք չգիտենք: Մենք դատապարտում ենք այդ գաղտնի պահվող գործունեությունը: Դատապարտելի է, որ արտգործնախարարը խուսափում է լրագրողների պատասխանից, մինչդեռ դա համահայկական նշանակություն ունի, ու այդ առումով ճիշտ է, որ որոշ քաղաքական միավորներ պահանջում են արտգործնախարարի հրաժարականը: Մենք միանում ենք այդ պահանջին»,- ասաց նա:
Թեև, ըստ էության, արտգործնախարարը իշխանությունների վարած քաղաքականությունն է շարունակում, սակայն, Տ. Կարապետյանի կարծիքով` յուրաքանչյուր ուժ պետք է պատասխան տա իր արածների համար, և անկախ նրանից, թե ով է հրահանգ տվել, նախարարը կառավարության անդամ է, ոչ թե նախագահական բուրգում է աշխատում: Նա պետք է իր հրաժարականով պատասխան տա:
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը ասել էր, որ եթե Սարգսյանն այսօր փաստաթուղթ ստորագրի, իրենք նախագահի հրաժարականը կպահանջեն: Տ. Կարապետյանը, սակայն, «եթե»-ներով չի խոսում: Տ. Կարապետյանի համար անընդունելի է ոչ հայանպաստ որոշումը, ու դա կդատապարտվի:
Ամառը ի՞նչ զարգացումներ և վերադասավորումներ են սպասվում քաղաքական դաշտում: Տ. Կարապետյանի կարծիքով` քաղաքական դաշտը ոչինչ չի ծնում, իր մեջ է վերադասավորվում, նույն դեմքերն են, նույն հին մարդիկ:
«Քաղաքական դաշտն անկում է ապրում, մենք կանխատեսելի ենք: Մենք պետք է մի բան հասկանանք` եթե ցանկանում ենք, որ նոր ուժեր լինեն, ազնվություն, պետք է դադարեցնենք այս խայտառակ, հանցագործ ընտրությունները, որոնց արդյունքում անարդար մարդկանց ուղղորդում ենք խորհրդարան: Ինչպե՞ս կարող են նրանք հայանպաստ որոշումներ ընդունել»,- ասաց նա:
Տ. Կարապետյանի խոսքով` քաղաքական դաշտում ոչինչ չի բացառվում, պայքարն այսօր արդեն գնում է: Արդեն այսօր «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը մեղադրում է Վարդան Օսկանյանին, ինչի պատճառը, ըստ Տ. Կարապետյանի, այն է, որ Րաֆիի Հովհաննիսյանն արդեն պատրաստվում է նախագահական ընտրություններին, ու սփյուռքահայության կողմից արդեն Վ. Օսկանյանի տեսքով վտանգ է տեսնում:
«Ու արդեն յուրաքանչյուր պատեհ առիթ օգտագործում է` Օսկանյանին անհանգստություն պատճառելու համար: Լարիսա Ալավերդյանն ասում է` թող ՀԱԿ-ը մեզ միանա: Ոչ մի կերպ երկրորդ դեմք չեն ուզում լինել, միայն առաջինը: Բոլորը ցանկանում են լինել առաջին դեմքեր, մինչդեռ միասնություն է պետք»,- ասաց նա:
Վիկտոր Դալլաքյանն Ազգային ժողովին է ներկայացրել «ԶԼՄ-ների մասին» օրենքի նոր նախագիծ: Տիգրան Կարապետյանին մտահոգում է այն, որ Վիկտոր Դալլաքյանը, լինելով լուրջ անձնավորություն, ևս սկսել է խաղալ իշխանական խաղեր:
«Երբ վանում են լրատվամիջոցներին, նրանք կուտակվում են ու ստեղծում կրիտիկական մասսա: Կգա օր, այդ կրիտիկական մասսան կպատժի այն իշխանավորներին, որոնք ցանկանում էին փակուղու մեջ դնել իրենց: Խելացի իշխանավորը երբևէ իր փոսն իր ձեռքով չի փորում: Լրատվամիջոցները պետք է գործեն, այդ շունչը պետք է լինի: Մենաշնորհն ամեն տեղ չափից շատ է: Եթե այս ոլորտում էլ են ամբողջական մենաշնորհ ցանկանում ունենալ, ուրեմն պետք է ասենք, որ գնում ենք դեպի ստրկապետություն»,- ասաց ԺԿ նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել