Փոխզիջումների արդյունքում գործադուլավորները վերադարձել են աշխատանքի
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության 120 աշխատակիցների 4-օրյա գործադուլը ավարտվեց: Այսօր Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի հետ դռնփակ հանդիպումից հետո ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան հայտարարցե, որ համաձայնություն է ձեռք բերվել աշխատակիցների հետ:
«Վերջերս «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը աշխատակազմի հետ որոշ խնդիրներ է ունեցել: Մենք հանդիպումներ ենք ունեցել մարզպետարանում, քաղաքապետրանում, ու հատկապես քաղաքապետարանը մեզ շատ է աջակցել այս խնդիրները լուծելու համար: Համալիր լուծում գտանք: Մեկ անգամ եւս շնորհակալություն իշխանություններին` մեզ աջակցելու համար, նաեւ պաշտոնյաներ Երեւանից, ում եւս շնորհակալություն եմ հայտնում»,-ասաց Ռ.Ֆալետան: Հիշենենք, որ բողոքում էին հիմնականում էլեկտրաքարշավարները, ամրակապավորներն ու պայթեցողները, ովքեր հուլիսի 13-ից գործադուլ էին հայտարարել` բողոքելով գլխավոր տնօրենի ներկայացրած աշխատավարձի վճարման բոնուսային տարբերակի դեմ: Ըստ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի, տնօրինությունը վերանայելու է առաջարկը, բոնուսային տարբերակի մեջ փոփոխություններ է մտցնելու, որից հետո կնքվելու են նոր աշխատանքային պայմանագրեր: Ինչ վերաբերում է աշխատանքից ազատված 40 աշխատակցին, ապա քաղաքապետը նշեց, որ Ֆալետան խոստացել է վերանայել իր հրամանը: «Հույս ունենք, որ ոչ մեկը չի կորցնի աշխատանքը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ա. Աթայանը: Հիշեցնենք, որ գործադուլի 3-րդ օրը գլխավոր տնօրենի հրամանով 40 աշխատող ազատվեց: «Սրանք այն աշխատակիցներն էին, ովքեր հուլիսի 6-ին դիմում էին ներկայացրել տնօրինությանը` աշխատանքային պայմանները բարելավելու համար, ու նաեւ տեղեկացրել, որ դիմելու են գործադուլի: Հնեց այդ օրն էլ նրանք աշխատանքի չեկան ու լքել էին աշխատավայրը»,-նախօրեին պարզաբանել էր ձեռնարկության համայնքի ու լրտավամիջոցների պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը: Վերջինս այսօր ասաց, որ ձեռնարկությունը տարածելու է մամլո հաղորդագրության ստեղծված իրավիճակի մասին: Ամեն դեպքում, հանքագործները վերադարձել են աշխատանքի ու սպասում են մինչեւ իրենց ներկայացվեն աշխատանքային պայմանագրերը: «Եթե այդ ժամանակ էլ փոփոխություններ չլինեն, ապա գործադուլը կանենք նորից: Ինչ արած, գուցե մեր ճակատագիրն էլ դա է»,-ասացին հանքագործները: Կապանի քաղաքապետարանում կայացած դռնփակ հանդիպմանը մասնակցեցին նաեւ համայնքի ավագանու անդմաներից ոմանք: «Կարծում եմ ճիշտ տարբերակ ընտրեց «Դինո Գոլդի» տնօրինությունը` փոխզիջումներ անելով: Ճիշտ չէր լինի սրել սոցիալական իրավիճակը Կապանում»,-ասաց ավագանու անդամ Գարիկ Միրզոյանը: Վերջինիս խոսքով ավագանին նույնպես կնպաստի երկուստեք երկխոսությանը:
Մեկնաբանել