Հայաստանի հանրային խորհրդի պատվիրակությունը` Արցախում
Արցախում է գտնվում Հայաստանի հանրային խորհրդի պատվիրակությունը` խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Պատվիրակության հետ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել, որի ընթացքում քննարկվել է ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, առանձնակի ուշադրություն է դարձվել երկու հայկական հանրապետություններում ընթացող գործընթացներին եւ կարեւորվել հանրային կարծիքի ու հասարակական զարգացումների ուսումնասիրման, ինչպես նաեւ այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Երկրի ղեկավարն ընդգծել է հանրային խորհրդի դերը պետության եւ հասարակության կյանքում` նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի այդ կառույցի հետ համագործակցության հեռանկարներից:
Հանդիպումից հետո խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ խորհուրդն առաջին այցը որոշել է կատարել Ղարաբաղ:
«Ղարաբաղն այժմ մեր հայ ժողովրդի պատմության, ներկայի, ապագայի ամենակարեւոր բանալին է եւ հայ ժողովրդի ապագան մասամբ կամ էապես կերտվում է նաեւ Ղարաբաղում: Ես տեսնում եմ, որ Ղարաբաղում բավականին համերաշխ մթնոլորտ է, քան Հայաստանում, եւ շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ Ղարաբաղի հարցի լուծումը եւ Ղարաբաղի զարգացումն առանց համերաշխության հնարավոր չէ: Վեճեր պետք է լինեն, ցանկացած դեմոկրատական երկրում լինում է ընդդիմություն, իշխանություն, տարբեր խնդիրների մասին տարբեր ձեւով են մտածում, բայց եթե փոխադարձ վստահություն եւ համերաշխություն չի լինում` ոչ մի հարց չի լուծվում»,- ասաց Վ.Մանուկյանը:
Ըստ Վ.Մանուկյանի, նախագահի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են մշտական կապ ստեղծել հանրային խորհրդի եւ Ղարաբաղի ղեկավարության ու հանրության միջեւ: «Մենք ուզում ենք տանել այստեղից այն պրոբլեմները, որոնք վերաբերում են Ղարաբաղին եւ փորձենք դրանց մի մասը լուծել Հայաստանում: Եւ մյուս կողմից էլ անընդհատ կապն ենք ուզում ապահովել մեր հասարակություններում»,-հավելել է նա:
«Այցը ենթադրո՞ւմ է Ղարաբաղում հանրային խորհրդի ստեղծում» հարցին ի պատասխան խորհրդի նախագահը նկատել է, որ Ղարաբաղի ներսում համերաշխության մթնոլորտը բավարար է, հարաբերությունները շատ ավելի անմիջական են, եթե ապագայում այդպիսի անհրաժեշտություն առաջանա, Ղարաբաղի հանրությունը ղեկավարության հետ միասին այդպիսի որոշում կընդունի:
Իսկ որո՞նք են այն հարցերը, որ խորհրդի անդամները կտանեն իրենց հետ: Հարցերից հիմնականը, Վազգեն Մանուկյանի խոսքերով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցն է, որի մասին երկար չեն խոսել, քանի որ բավականին լավ տեղյակ են կարծիքների մասին:
«Եւ երկրորդը` առանց տնտեսական զարգացման, առանց դատարկված տարածքների վերաբնակեցման` ապագայի մասին խոսելը շատ դժվար կլինի»,-ավելացրել է Վ.Մանուկյանը:
Տեղեկացնենք, որ հանրային խորհրդի պատվիրակությունն այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների հետ, իսկ քիչ անց էլ կհանդիպի Ղարաբաղի հկ-ների ներկայացուցիչների հետ: Հյուրերը կհանդիպեն նաեւ վարչապետի եւ արտգործնախարարի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել