
Նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այսօր «Հայացք» ակումբում անդրադարձավ ԼՂ հարցի կարգավորմանը` նշելով, որ դրա հետ կապված վերջին զարգացումները բավականին մտահոգիչ են և մեծ ռեզոնանս են առաջացրել հայ հասարակության մեջ:
Խոսելով արտգործնախարար Էդուրադ Նալբանդյանի հնարավոր հրաժարականից` Ա. Արզումանյանը նշեց, որ այսօրվա իրողություններում Էդուարդ Նալբանդյանն ընդամենը «վինտիկ» է այն համակարգում, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը:
«Սա տոտալիտար համակարգ է, որում որոշումներ են ընդունվում մեկ անձի կողմից, և իրականացնում են տարբեր պաշտոնյաներ: Այս պարագայում Նալբանդյանի հրաժարական տալ-չտալը էական ազդեցություն չի կարող ունենալ: Դա է, թերևս, պատճառը, որ ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ իբր այս իրավիճակից դուրս գալու միակ ուղի մատնանշում է Սերժ Սարգսյանի հրաժարական տալը: Նրա հրաժարականով է հնարավոր որոշակի բեկում մտցնել ԼՂ բանակցային գործընթացում: Այս առումով, կարծում եմ, որ ավելի հետևողական պետք է լինեն Նալբանդյանի հրաժարական պահանջողները և պահանջեն հրաժարական հենց բուն գործընթացը տանողից»,- ասաց նա:
Ինքը` Ա. Արզումանյանը, նույնպես ժամանակին արտգործնախարար էր. արդյոք ինքն է՞լ էր իր ժամանակին «վինտիկ»: Այս հարցին ի պատասխան` Ա. Արզումանյանը նշեց, որ` ոչ, քանի որ իր պաշտոնավարման տարիներին տոտալիտար համակարգ չէր: Այն ժամանակ կար կոլեգիալ որոշում կայացնելու մեխանիզմ, որի յուրաքանչյուր խորհրդի անդամ ուներ իր ուրույն ձայնն ու համաձայնվելու կամ չհամաձայնվելու իրավունք:
Այսօր ՀԱԿ-ը շատ է անդրադառնում ԼՂ կարգավորման գործընթացին: Սակայն դրան ուղղված կոնկրետ ի՞նչ քայլեր կան մշակված: Ա. Արզումայնանն ասաց, որ արդեն ասվել է, որ Կոնգրեսը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը` որպես այս իրավիճակից դուրս գալու նախապայման: «Իսկ թե ինչ կարվի, հայտարարությունների, միտինգների ու այլ միջոցներով տեղյակ կպահվի հասարակությանը»,- ասաց նա:
Նախկին արտգործնախարարն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին` նշելով, որ հրապարակված բոլոր վեց սկզբունքներն անընդունելի են թե' Հայաստանի, թե' Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ չեն բխում Հայաստանի ազգային շահերից, և այդ առումով` նման սկզբունքների վրա ձևակերպված որևէ փաստաթուղթ չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար:
«Այդ սկզբունքներում Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի մասին ասվում է, որ Ղարաբաղին պայմանագիրը ստորագրելուց հետո տրվելու է ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, որը կապահովի ժողովրդի անվտանգությունն ու ինքնակառավարումը: «Ինքնակառավարում» բառն ինքնին շատ մտահոգիչ է, որովհետև 10 տարուց ավելի է` հայաստանյան իշխանությունները թմբկահարում են որպես հաջողության վառ ապացույց այն, որ ազգերի ազատ ինքնորոշումը դարձել է հիմք բոլոր բանակցային գործընթացներում: Եվ այսօր ընտրվել է այդ ինքնորոշման դրսևորումներից ամենանվազագույնը` ինքնակառավարումը»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել