Շուտով կհայտարարվեն «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի կրթաթոշակառուները
Նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը, որը կոչված է աջակցելու աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ ուսանողներին, ձեռնամուխ է եղել ուսանողների դիմումներն ընդունելու և կրթաթոշակներ հատկացելու գործընթացին:
Աշխատանքները մոտենում են իրենց հանգուցալուծմանը, և շուտով կհայտարարվեն այն ուսանողների անունները, ովքեր դառնալու են «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի կրթաթոշակառուներ:
Հսկայական ծավալի ինֆորմացիա է պետք լինում մշակել և ուսումնասիրել, ապա դրա հիման վրա որոշումներ կայացնել:
Երեք շաբաթվա ընթացքում «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն ստացել է մոտ չորս հազար էջ նամակ, որոնք ուսումնասիրվել և պատասխանվել են՝ շուրջ վեց հարյուր էջ ծավալով: Միայն այս թվերը բավական են` պատկերացում կազﬔլու այն ծավալների մասին, որոնց հետ առնչվում է հիմնադրամի նորաստեղծ կրթական ծրագիրը:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենությունը հայտնում է, որ կրթական ծրագիրն իր աշխատանքի ընթացքում միայն այս տեսակի բարդությունների չէ, որ հանդիպում է:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մեկ ուսանող` Հայկ Իշխանյանը, արդեն մի քանի անգամ ներխուժել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գրասենյակ, խանգարել աշխատանքներին և սպառնացել աշխատակիցներին: Ինչպես ասացվածքն է ասում՝ «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»: Նա իրեն այս ծրագրի հեղինակ հռչակած, այս գաղափարը շարունակաբար սեփականաշնորհել փորձող և հասարակական շանտաժի մեջ բավականին մեծ համբավ ձեռք բերած Արթուր Իշխանյանի որդին է:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն իր աշխատանքներն սկսել է բավականին լուրջ բացասական PR-ի պայմաններում, որը կազմակերպվել էր Արթուր Իշխանյանի կողմից, հավանաբար այն պատճառով, որ նա դիմել էր «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենի պաշտոնի համար, և հանձնաժողովի միահամուռ որոշմամբ` ընտրվել էր մեկ այլ թեկնածու:
Հիմնադրամի կրթական ծրագրի էլեկտրոնային հասցեով ստացվել են բազմաթիվ «սփամ» նամակներ, որոնք ևս բավականին խոչընդոտել են աշխատանքներին: Չենք ուզում որևէ մեկին կասկածի տակ առնել` այս ցածրորակ գործողությունները կազմակերպելու համար: Բայց դատելով հոր և որդու քայլերից, նույնիսկ չուզենալով` ակամայից մտածում ես, որ դա կարող է նրանց կողմից ուղղորդված լինել:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը հայտարարում է, որ հետայսու դիմելու է բոլոր օրինական միջոցներին` իր գործունեության հանդեպ այսօրինակ ոտնձգությունները սահմանափակելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել