

Կենտրոնի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տված հաղորդագրության հիման վրա: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից «Հետքին» հայտնեցին, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 136 հոդվածի 1-ին մասով` վիրավորանք:
Ինչպես տեղեկացրել էինք, Փոստանջյանը հունիսի 7-ին ՀՀ Գլխավոր դատախազությանը հաղորդում էր ուղարկել այն մասին, որ «Ազատամտություն» օրաթերթն իրեն զրպարտող եւ վիրավորող տեղեկություններ է հրապարակել, սակայն քննիչները գործ են հարուցել միայն վիրավորանքի մասով:
Հիշեցնենք, որ պատգամավորի վերաբերյալ այդ տեղեկությունները թերթը հրապարակել էր ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ժամանակ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության առիթով, որի համար իշխանամետ քաղաքական գործիչները վերջինիս մեղադրում էին ադրբեջանցի եւ թուրք պատգամավորների հետ համագործակցելու մեջ:
«Ազատամտություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը հուլիսի 1-ին «Հետքի» հետ զրույցում ասել էր, թե իրենց հրապարակած տեղեկություններում զրպարտություն չկա, իսկ վիրավորանք` հնարավոր է: «Մարդիկ կան, որոնց պետք է վիրավորել»,- նշել էր խմբագիրը:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 136 հոդվածի 1-ին մասով վիրավորանքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, այն է` 100-400 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել