Սուքիասյանը մինչև հուլիսի 31-ը չի ներկայանալու իշխանություններին
Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները տարածել են Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը. «Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որևէ հանցագործություն չեմ կատարել և, բացի այդ` զրկված չեմ իմ պատգամավորական անձեռնմխելիությունից: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի որևէ անձ, որն ապացուցի իմ կողմից հանցագործություն կատարելու որևէ փաստ:
Ես սիրում եմ իմ Հայրենիքը և զրկանքներ եմ կրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն աջակցելու` իմ, որպես պատգամավորի, պարտքը բարեխղճորեն կատարելու համար»,-ասել է Խաչատուր Սուքիասյանը:
Որպես պարոն Սուքիասյանի պաշտպաններ` ցանկանում ենք հավելել, որ միջազգային կառույցների, մասնավորապես` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից ձեռնարկված գործընթացը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասցվել և իշխանությունների կողմից համաներման ակտի ընդունումը, ինքնին, չի նշանակում և չի կարող մեկնաբանվել իբրև այն պարտավորությունների ամբողջական կատարում, որոնք նրանք ունեն պարոն Սուքիասյանի և նրա գործընկերների նկատմամբ: Ուշ թե շուտ իշխանությունների առջև դրվելու է նաև ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներն իսպառ դադարեցնելու անհրաժեշտության հարցը:
Այսպիսով, պարոն Սուքիասյանը չի պատրաստվում մինչև 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ և կասկած չունի, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել