
Կկառուցվեն ժամանակակից մաքսային անցակետեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշենի, Գոգավան-Պրիվոլնոյեի և Բավրայի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ղեկավարությամբ ստեղծել է մրցութային հանձնաժողով և հաստատել դրա` ՀՀ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած կազմը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում պատրաստել մրցույթի անցկացման կանոնակարգը և տեխնիկական առաջադրանքը, որպեսզի շինարարական աշխատանքներն սկսվեն Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում։
«Մենք կառուցելու ենք ժամանակակից մաքսային կետեր, կարելի է ասել` համալիրներ, որոնք ներառելու են պետության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները,- հավելել է վարչապետը։ - Պետք է կարողանանք մեկ պատուհանի սկզբունքով որակապես նոր ծառայություններ մատուցել, և չափազանց կարևոր է, որ մեր ունեցած նախագծերը համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին»,-ասել է վարչապետը։
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության գործընկերներին, որոնց տրամադրած դրամաշնորհով էլ մշակվել են նախագծերը։ «Այժմ մեր առջև Հանրապետության նախագահի կողմից հրատապ խնդիր է դրված` հնարավորին չափ շուտ սկսել շինարարական աշխատանքները և ունենալ ժամանակակից մաքսային կետեր», - նշել է վարչապետը և ավելացրել, որ առաջիկայում Մեղրիում ևս պետք է կառուցվի արդիական մաքսակետ։
Մեկնաբանել