
Կճոյանի զենքը չհրկիզվող պահարանում է
Հանրապետությանը տարբեր բնագավառներում մատուցած նշանակալի եւ բացառիկ ծառայությունների համար Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը պարգեւատրվել է զենքով:
2008 թ. դեկտեմբերին, «Հետքի» հարցմանն ի պատասխան, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տրամադրել է 2007 թ. ապրիլից մինչ 2008 թ. դեկտեմբերի 12-ը վարչապետից իբրեւ պարգեւ զենք ստացած անձանց ցուցակը, որոնց թվում է նաեւ Սամվել Կճոյանը:
Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից փորձեցինք պարզել, թե ինչ տեսակի զենք է նվեր ստացել Սրբազանը եւ ինչ նպատակներով է այն օգտագործում: Մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը սկզբում ժխտեց զենք նվեր ստանալու փաստը. «Ոչ մի զենք էլ նվեր չի ստացել»:
Երբ նրան ասացինք, որ մեր ձեռքի տակ համապատասխան փաստաթուղթ կա, Էլզա Մանուկյանը խնդրեց այն տրամադրել իրենց, ինչից հետո գրավոր պատասխանեց, որ «Սրբազանը պարգեւատրվել է ատրճանակով, որը պահվում է չհրկիզվող պահարանում»:
Մեր հարցին, թե ինչ ատրճանակ է նվեր ստացել թեմի առաջնորդը, Էլզա Մանուկյանը հրաժարվեց պատասխանել:
Հիշեցնենք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս' Bentley մակնիշի թանկարժեք ավտոմեքենա նվեր ստանալու փաստը հայտնի դառնալուց հետո, մամուլի ուշադրության կենտրոնում է:
«Այսօր զենքը զիջում է իր դիրքերը խելքին, եւ Հայաստանը նույնպես կարիք ունի «վերազինման»,- անցյալ տարվա ապրիլին ԳԱԱ-ում ասել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել