
Փաստաբաններ Արա Զաքարյանի, Արթուր եւ Դիանա Գրիգորյանների դեմ հարուցված քրեական գործը շուտով կմտնի դատարան: Այս մասին «Հետքին» հայտնեց փաստաբան Դիանա Գրիգորյանը: «Այս պահին մենք ծանոթանում ենք գործի նյութերին, որից հետո մեր միջնորդությունները կներկայացնենք, եւ գործը շուտով կմտնի դատարան»:
Հիշեցնենք, որ փաստաբանները մեղադրվում են քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը»: Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության մի շարք հոդվածներին:
Հնարավոր է, որ այս հոդվածը հակասահմանադրական ճանաչվի եւ փաստաբանների դեմ հարուցված գործերը կարճվեն: Հիշեցնենք, որ մեկ այլ փաստաբանի` Մուշեղ Շուշանյանին ևս մեղադրանք են առաջադրել այս հոդվածով, նրա դատավարությունն արդեն ընթացքի մեջ է:
Ի դեպ, Դիանա Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Արա Զաքարյանը եւ Արթուր Գրիգորյանը հրաժարվել են համաներման միջոցով ազատվել պատասխանատվությունից, քանի որ իրենց անմեղ են համարում եւ արդարացման դատավճիռ են ակնկալում:
Փաստաբանների խոսքով` իրենց նկատմամաբ քրեական հետապնդումը սկսվել է այն պատճառով, որ իրենք դատարանում հանդես են եկել որպես մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալների պաշտպաններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել